Հնդիկ տղամարդը ձեռքերով բլուրների միջով ճանապարհ է հարթել դպրոց գնացող երեխաների համար (լուսանկարներ, տեսանյութ)
Հնդկաստանի արևելյան հատվածի Գումսահ հեռավոր բնակավայրի բնակիչ Ջալանդհար Նայակը ձեռքի տակ եղած գործիքներով՝ հատիչով, բրիչով ու կացնով, ավելի քան 8 կմ երկարությամբ ճանապարհ է հարթել բլուրների մեջ, որպեսզի իր երեխաները դպրոց հաճախելու հնարավորություն ունենան:
Ինչպես նշում է The Guardian-ը, նախքան ճանապարհի ստեղծումը, Նայակի երեք որդիները ստիպված էին օրական վեց ժամ ծախսել դպրոց գնալու ու տուն վերադառնալու համար: Սակայն երկու տարի առաջ հայրը որոշել է կարճացնել երեխաների ճանապարհն ու բլուրների միջով նոր ուղի բացել:
Ճանապարհի կառուցման շնորհիվ Նայակի մասին գրել են բազմաթիվ լրատվամիջոցներ, ինչի արդյունքում կառավարությունն իմացել է նրա արածի մասին ու խոստացել կատարած աշխատանքի դիմաց փոխհատուցում տրամադրել:
Քառասունհինգամյա հնդիկը համապատասխան գումարը կստանա Գումսահի ու Ֆուլբանի գյուղի դպրոցի միջև ուղիղ ճանապարհի բացման վրա ծախսած ժամանակի համար:
Հայտնի է, որ Նայակն ու իր ընտանիքը տվյալ բնակավայրի միակ բնակիչներն են:
Պարբերականը հավելում է, որ այժմ կառավարությունը ստանձնել է ճանապարհի շինարարական աշխատանքները՝ խոստանալով բացել մնացած 7 կմ ուղին: