Վերջին հաշվով սա ԱԺ է, և այստեղ, բացի օրենսդրությունը կա նաև տրադիցիա. Գալուստ Սահակյան
Աբսուրդ է 20 րոպե ընդմիջում վերցնել, դա կանոնակարգի խախտում է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն՝ անդրադառնալով «Ելք»-ի կողմից յուրաքանչյուր քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցնելու քայլին: Նա հարցադրում արեց՝ եթե այս օրենքը չանցնի ի՞նչ է, ժողովրդի կյանքն ավելի լա՞վ է լինելու:
Դիտարկմանը, որ ԱԺ կանոնակարգ օրենքը յուրաքանչյուր խմբակցության թույլ է տալիս 20 րոպեանոց ընդմիջում վերցնել քվեարկությունից առաջ, Սահակյանն արձագանքեց. «Թույլ է տալիս, բայց նախագահն էլ այդ իրավունքն ունի, որ չհաշվի դա, ասի՝ հիմա մեկը մյուսի հետևից վերցնում եք, խախտում եք մեր բնականոն աշխատանքը, դնում եմ քվեարկության», - ասաց նա։
Հարցին՝ նշանակո՞ւմ է, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սխալ է կատարում իր աշխատանքը՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Սխալ չի անում, բայց կարող է այնպես անել, որպեսզի այդպես առաջ չգնա։ Վերջին հաշվով սա ԱԺ է, և այստեղ, բացի օրենսդրությունը, կա նաև տրադիցիա։ Դրանք խրթին բաներ են, որոնք ԱԺ-ին չեն վերաբերում ու չի կարելի է նման խնդիրների մեջ մտնել։ Ընդդիմությանը պետք է ցույց տալ իր տեղը»:
ԱԺ նախկին նախագահը կարծում է, որ ընդդիմությունը պետք է իմանա, թե իր տեղը որտեղ է։
«Ինչքան որ դու ձայներ ես հավաքել, այդ ձայների կշռով պիտի կարողանաս պայքարել, իսկ ընդդիմությունը, եթե բոլոր հարցերին վեր է կենում ու փորձում է տեսակավորել, դա ընդդիմության գործը չէ։ Ընդդիմությունն ավելի բարձ խնդիր ունի», - շեշտեց նա Գալուստ Սահակյան: