Նորմալ է, որ մարդիկ չսովորեն երկար հանգստանալուն. ՀՀ քաղաքացիները՝ Ամանորի տոնական օրերը 3-ով կրճատելու կառավարության որոշման մասին (տեսանյութ)
Կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնել ՀՀ «Տոների և հիշատակների մասին» օրենքում, որոնցով առաջարկվում է հունվարի 3-ը, 4-ը և 5-ը չհամարել նախածննդյան տոներ:
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունիսի 1-ից:
Tert.am-հարցում է անցկացրել Երևանի փողոցներում ՝ճշտելու մարդկանց կարծիքը կառավարության այս որոշման մասին:
«Ինձ թվում է՝ դա լավ է: Այդքան երկար տանը մնալը աշխատողի համար լավ չէ, հետո դժվար ես վերադառնում աշխատանքի ռիթմին: Եթե մինչև հունվարի 5, 6-ը տանը լինենք, նորմալ է, որ դրանից հետո գանք աշխատանքի»,-ասաց քաղաքացիներից մեկը:
«Ժողովուրդը պետք է ընդունի կառավարության որոշումը: Դա մի խնդիր է, որ ամեն երկրում էլ կա: Չեմ կարծում, որ խնդիր կլինի, շատ հանգստյան օրերն էլ լավ չէ, աշխատանքային օրերը կրճատելը ուրիշ ազդեցություններ էլ կունենա»,-ասաց հարցվողներից մեկը:
Հարցվողների մեծ մասը կարծում է, որ տոնական օրերին տանը երկար մնալն առանձնապես հետաքրքիր չէ:
«Ժամանակին մենք հունվարի 3-ին արդեն գնում էինք աշխատանքի: Նորմալ է, որ մարդիկ չսովորեն երկար հանգստանալուն»,-ասաց հարցվողներից մեկը:
«Ճիշտ որոշում չէ, պետք է երկար հանգստանալ նոր վերադառնալ աշխատանքի»,-ասաց մյուս քաղաքացին:
Քաղաքացիներից մի քանիսն էլ կես կատակ - կես լուրջ նշեցին, թե երկար հանգստանալը վնասակար է առողջությանը:
Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոներ նախատեսելով։ Նշվում է, որ նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից։
Մանրամասները՝ տեսանյութում։