Լևոն Ալթունյանի դեմ սկսված անառողջ քննադատական քարոզարշավն արհեստածին է. Առողջապահության նախարարության պարզաբանումը
Օրերս «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարել էր, թե հայաստանցի մինչև 15 տարեկան աղջիկների 25 տոկոսը, ըստ հարցումների, մինչև 15 տարին լրանալը ունի սեռական հարաբերության փորձ: Այս հայտարարությունն առաջացրել էր «Ծառուկյան» դաշինքի որոշ պատգամավորները զայրույթը , նրանից Գևորգ Պետրոսյանն էլ հայտարարել էր, թե առողջապահության նախարարը՝ որպես պաշտոնյա, պետք է պատասխան տա, քանի որ դա հանցագործության մասին հաղորդում է:
Tert.am-ը պարզաբանում ստանալու համար դիմեց Առողջապահության նախարարություն, որտեղից էլ մեզ տեղեկացրին, որ քննադատություն հիմքում տարըմբռնում է:
Առողջապահության նախարարության պատասխանի մեջ, մասնավորապես ասված է.
«Հասկանալի է պետական իշխանության ներկայացուցիչների գործունեության նկատմամբ մշտական ուշադրությունը և հարկ եղած դեպքում քննադատությունը: Սակայն այդ քննադատությունը չպետք է հիմնված լինի տարըմբռնումների, շահարկումների, հնչեցված մտքերը կամայականորեն մեկնաբանելու և մտացածին գնահատականներ ներկայացնելու վրա:
Դեկտեմբերի 5-ին «Ազատություն» ռադիոկայանի մեկ ժամ տևողությամբ ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում նախարարը վկայակոչել է հարցումների արդյունքներ։
«Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014թթ. ազգային հետազոտության» արդյունքների վերլուծությամբ` 15 տարեկան հարցված տղաների 21 տոկոսը և աղջիկների 1 տոկոսն անանուն հարցման ժամանակ նշել են, որ ունեցել են սեռական հարաբերություն:
Ավելի վաղ` 2010թ. կատարված նույն հետազոտության արդյունքներով 15 տարեկան տղաների 45 տոկոսն է ասել՝ այո, սեռական հարաբերություն ունեցել եմ, իսկ աղջիկների` 2 տոկոսը Նախարարի շփոթմունքն այն էր, որ Հայաստանում 15 տարեկան տղաների 25% ցուցանիշը ներկայացվել է նույն տարիքի աղջիկների 1% ցուցանիշի փոխարեն։
Ի գիտություն պատվաստման տարիքային խումբը շահարկողների նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշման համաձայն պատվաստումներն առաջարկվում է կատարել 9-14 տարեկանների խմբում, քանի որ այս տարիքում ձևավորվում է լավագույն իմուն պատասխանը: Եվրոպական մի շարք երկրներում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է հենց 9-10 տարեկան աղջիկների շրջանում։ Հայաստանում որոշում է կայացվել այն իրականացնել 13 տարեկանների շրջանում։
Վերջին օրերին ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի դեմ սկսված անառողջ քննադատական քարոզարշավն արհեստածին է, քանի որ նախարարությունը պարզաբանել է, որ դա շփոթմունք է եղել։ Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նախարարի հնչեցրած միտքը անհիմն տեղափոխվել է արժեքային դաշտ։ Այն տեսակետը, թե նախարարն իր խոսքով իբր վիրավորել է հայ աղջիկներին, նրանց համարել անբարոյական և այլն, ոչ այլ ինչ է, քան քննադատողների մոլորության կամ դիտավորության արդյունք:
Առողջապահության նախարարն ի պաշտոնե կոչված է ոչ թե արժեքային գնահատականներ հնչեցնելու, այլև առողջապահական խնդիրներ լուծելու` հիմնվելով իրավիճակի, առկա հետազոտությունների և վիճակագրության վրա: Եվ այդ խնդիրները քայլ առ քայլ, հետևողականորեն ու հիմնավոր կերպով լուծվում են»: