Թուրքիայի խորհրդարանում քուրդ պատգամավորին զրկել են առաջիկա նիստերին մասնակցության իրավունքից՝ «Քրդստան» բառի արտասանության համար
Թուրքիայի խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների նախաձեռնությամբ պատժի է ենթարկվել քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավոր և խոսնակ Օսման Բայդեմիրը՝ Մեջլիսում «Քրդստան» բառի արտասանության պատճառով:
Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, Բայդեմիրը խորհրդարանի որոշմամբ զրկվել է առաջիկա երկու նիստերին մասնակցության իրավունքից:
Քուրդ պատգամավորը, մասնավորապես, Մեջլիսի ամբիոնից հայտարարել էր, թե «որպես Քրդստանից եկած պատգամավոր (նկատի ունի ժամանակակից Թուրքիայի հարավ-արևելքը, որը պատմական Արևմտյան Հայաստանի մի մասն է – tert.am)» ինքը ցանկանում է, որ այդ երկրում «քրդի ու թուրքի տանիքը կրկին ընդհանուր դառնա»:
Քրդստան բառից վրդովված թուրք պատգամավորները արձագանքելով Բայդեմիրի այս խոսքերին, ձայների մեծամասնությամբ որոշում են ընդունել նրա դեմ տույժ կիրառելու համար:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Մեջլիսում ցեղասպանություն ու Քրդստան բառերի կիրառումն արգելող օրենք, որի խախտման դեպքում պատգամավորները պետք է դրամական տույժի ենթարկվեն կամ զրկվեն առաջիկա մի քանի նիստի մասնակցությունից:
Սակայն մինչ օրենքի ընդունումն էլ Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ցեղասպանություն եզրույթի կիրառման համար զրկվել էր 3 նիստի մասնակցելու իրավունքից։