Հայաստանի համար Երուսաղեմի ճանաչումը կարող է դաս ծառայել, որ ազատագրված հողերը պետք է բնակեցնել և երբե՛ք չդարձնել «փոխզիջումների» առարկա. Հայկ Ա. Մարտիրոսյան
Tert.am–ի հետ զրույցում քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանն անդրադառնում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակելու` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սկանդալային հայտարարությանը և կարծիք հայտնում, որ ԱՄՆ կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը մահմեդական աշխարհում այդ տրամադրությունների վրա խաղալով նոր դիրքեր գրավելու հարմար առիթ է Թուրքիայի համար: Իսկ սրանից ամենամեծ շահողը, ըստ քաղաքագետի, Ռուսաստանն է:
-Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի սկանդալային հայտարարությունից հետո կարծիքներ են հնչում, որ Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ կստեղծվի: Համամի՞տ եք , և ի՞նչ եք կարծում` դա ինչպե՞ս կանդրադառնա Սիրիա-Թուրքիա-ՌԴ-Իրան թնջուկի վրա՝ հնարավոր հակասությունները սրելու առումով:
- Ո՛չ, համամիտ չեմ և ասեմ՝ ինչու: Այդ օջախը մշտապես կար, առկա էր: Հիմա լարվածությունը մեծացավ, հնարավոր է երրորդ ինթիֆադա, հնարավոր են նոր բախումներ, բայց, մեծ հաշվով, առկա իրականության մասով ամեն բան անփոփոխ է: Իսրայելցիները քաղաքականություն ունեն, որից չեն շեղվում: Նրանք աշխարհում ամեն ինչից վեր են դասում սեփական երկրի շահը, և դա հասկանալի է: Տասնամյակներ շարունակ, հետևողականորեն, խիստ խելացի և հեռահար հաշվարկով իսրայելցիները արաբաթափել են Երուսաղեմի պաղեստինյան հատվածը և հիմա գետնի վրա ստատուս քվո են ստեղծել, որն արդեն անհնար է լինելու շրջել: Սա, անշուշտ, Թրամփի կողմից անհեռատես քայլ էր այն առումով, որ մեծացրեց լարումը և Միացյալ Նահանգներին զրկեց անկողմնակալ միջնորդ լինելու հանգամանքից՝ դրանով ամերիկյան լծակները փոխանցելով Միջին Արևելքում իր դիրքերը առաջին անգամ մեծապես ամրապնդող Ռուսաստանին: Բայց, իհարկե, այս վարչակազմի համար չափազանց կարևոր է միջին-արևմտյան Ամերիկայի ավետարանական-հանրապետական ընտրողների կարծիքը, որոնց, նախընտրական շրջանում, խոստում էր տրվել ճանաչել Երուսաղեմը՝ որպես մայրաքաղաք: Սիրիա-Թուրքիա-ՌԴ-Իրան առանցքի առումով սա ուղղակի ազդեցություն չի ունենա: Կունենա՝ առանձին-առանձին:
Իրանը դարձյալ փորձում է սուննիների մի հատվածի մոտ մահմեդականության պաշտպանի դեր ստանձնել, և սա լավագույն հնարավորությունն է Թեհրանի համար Սիրիայի արդյունքում առաջացած մեծ խորթացումից հետո դարձյալ ազդեցություն ձեռք բերել սուննի պաղեստինցիների շրջանում: Դա հնարավորություն է նաև Թուրքիայի համար՝ հանդես գալու պաղեստինցի հավատակիցների պաշտպանությամբ: Թուրքերն ավանդաբար հակասեմիտների ստվար զանգվածներ ունեն: Եթե ուշադիր լինեք՝ կտեսնեք, որ հայ հասարակության մեջ երբեմն հանդիպող մոլի հակասեմիտները հաճախ հենց թրքահայերն են, որոնք Երևանում կրկնում են թուրքական հակահրեական պրոպագանդայի թեզերը: Դա ուժեղ վկայությունն է այն հանգամանքի, որ Թուրքիայում հակահրեական, հակաիսրայելական տրամադրությունները մշտապես ուժեղ են եղել: Այնքան ուժեղ, որ դրանք ներարկվել են անգամ Թուրքիայի ոչ մահմեդականներին: Նաև՝ Անկարայում այսօր իշխող գաղափարախոսությունը անչափ մոտ է Գազայի հատվածում տիրող Մահմեդական Եղբայրներ կազմակերպության գաղափարախոսությանը, և դա մեծ մերձեցնող հանգամանք է: ԱՄՆ կողմից Երուսաղեմի՝ միայն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը հարմար առիթ է Թուրքիայի համար՝ մահմեդական աշխարհում խաղալով այդ տրամադրությունների վրա՝ նոր դիրքեր գրավելու: Ամենամեծ շահողն, իհարկե, ինչպես ասացի, Ռուսաստանն է, որ արդեն փորձում է առաջին անգամ առաջնություն ստանձնել արաբա-իսրայելական կոնֆլիկտի հնարավոր, իսկ իրականում՝ անհնար լուծման գործում:
-Հայաստանի վրա սա ինչպե՞ս կարող է անդրադառնալ:
- Հայաստանի վրա ոչինչ էլ չի անդրադառնում: Հայաստանում Հայաստանին շատ լուրջ են վերաբերվում: Մի բան հստակ է. տարածաշրջանային անկայունացումից Հայաստանն ամեն դեպքում տուժելու է: Իսկ Հայաստանի մերձակա տարածաշրջանն ահագնացող անկայունության օջախ է դառնում աստիճանաբար: Պայթյունի մեծ պոտենցիալ է կուտակվում Հյուսիսային Կովկասում, որտեղ մահմեդականների արմատականացումն արդեն լուրջ խնդիր է դառնում: Լիբանանը, հնարավոր է, որ դարձյալ ընկղմվի քաղաքացիական պատերազմի մեջ: Սաուդյան Արաբիայի ստվերային տիրակալը՝ երեսներեքամյա հավակնոտ արքայազնը վառոդատակառի է վերածում ողջ Մերձավոր Արևելքը: Իսկ Հայաստանն իր սեփական վառոդատակառի վրա է նստած: Հայաստանի համար Երուսաղեմի ճանաչումը կարող է դաս ծառայել, որ հողերը, հատկապես եթե դրանք օկուպացված չեն, այլ՝ ինչպես մեծ Արցախի պարագայում է՝ ազատագրված են, պետք է բնակեցնել և երբե՛ք, երբե՛ք չդարձնել ցավոտ կամ անցավ «փոխզիջումների» առարկա:
Մենք տասնամյակներ շարունակ ազատագրված տարածքներն անբնակ ենք պահել, որպեսզի Ադրբեջանին՝ ԼՂԻՄ տարածքում անհեթեթ անկախության անիմաստ ճանաչման դիմաց հանձնենք առանց բնակչության և դրա հետ կապված խնդիրների: Իսկ հրեաները աշխարհի ամենաբարդ և ամենաարժեքավոր հողակտորի համար տասնամյակներ շարունակ պայքարում են, վրան բնակվող բնակչությանը հեռացնում և այդ հողակտորը, որի պաշտպանությամբ զբաղվում են արաբական նավթային տերություններ, չնայած ամեն ինչին, դարձնում են իրենցը: Բայց եթե հայերը անհեթեթություններով տարվելու փախարեն նմանակեին հրեաներին ու վարքագիծ սովորեին նրանցից՝ այսօր իսկական ազգային պետություն կունենային, բնակեցվող և սեփական համարվող հայրենիք կունենային, ոչ թե մահվան եզրին մաքառող մի հանրապետություն, որ անվերջ արնաքամ է լինում: Մենք ի՞նչ դիրքորոշում պետք է որդեգրենք այս հարցում: Ինչպես հայտնի է՝ նման հարցերում Հայաստանը մի դիրքորոշում ունի. լռել: Եվ լռում են: Բայց սա, գուցե հենց այն խիստ եզակի դեպքերից է, երբ Երևանի համար լռությունը ոսկի է: Կա փաստ. ԱՄՆ-ն արդեն անդառնալիորեն ճանաչել է Երուսաղեմը որպես Իսրայել պետության մայրաքաղաք: Թե՛ Իսրայելում և թե՛ պաղեստինյան ինքնավարությունում հայկական սրբավայրեր կան, համայնքի մնացորդներ, անշարժ գույք, որոնք անգին են, որը, սակայն, հայերն, անպայմանորեն, աստիճանաբար, գաղտնի թե բացահայտ, կվաճառեն իսրայելցիներին՝ ինչպես դա հույն ուղղափառներն են գաղտնի անում: Ամեն դեպքում, պետք է փորձել երկու հակամարտ ուժերի միջև սեփական շահերը պաշտպանել՝ ելնելով «Երկու Պետության Լուծումից», թեև դա էլ արդեն հստակ է, որ մեռած կոնցեպտ է:
Իսրայելն ընտրել է «Զրո Պետության» կոնցեպտը, որը մերժում է նաև «Մեկ Պետության» կոնցեպտը, իսկ դա արդեն բացառում է բանակցային կամ փոխզիջումային ճանապարհը: Իրենց շահերի տեսանկյունից իսրայելցիներն աննկարագրելիորեն դժվար, չոր, բայցև վերջնարդյունքում իրենց համար ինքն իրեն արդարացնող ճանապարհ են ընտրել: Պաղեստինա-իսրայելական խնդիրը կլուծվի միայն այն ժամանակ, երբ հրեաները լիովին ավարտեն վերահսկվող տարածքների բնակեցումը և պաղեստինցիներին դուրս մղելով հաստատեն լիակատար կառավարում: Նրանք հենց դրան են գնում: Ինչ վերաբերում է կոնֆլիկտին, ապա արաբա-իսրայելական կոնֆլիկտը երբեք չի մարելու: Եվ ի տարբերություն հայերի՝ հրեաները համակերպվել են այդ մտքի հետ: Հասկանալով դա՝ անմիտ լուծումներ չեն փնտրում, չեն ուզում ցույց տալ, որ այն աստիճան խաղաղասեր են, որ անընդհատ են պատրաստ են բանակցել, ինչ-որ հետ քայլեր կատարել սեփական ազգային տեսլականներից, բարոյախրատական խոսքեր չեն արտասանում: Պատերազմում են և պատրաստվում են հարատև պատերազմել: Եվ ընթացքում՝ իրենց առջև դրված խնդիրներն են լուծում: Քայլ առ քայլ՝ երեկ Գազան շրջափակելով, այսօր՝ հարմար պահին հասնելով Երուսաղեմի ճանաչմանը: Հետևողական, երկարատև, անզիջում քայլերով են հաղթանակի հասնում և ոչ՝ խնդրի լուծումն ինքնանպատակ դարձնելով: Եվ հաղթանակը հենց այդպես պայքարողներինն է: