Անօթևանը 300 հազար եվրո է գողացել Փարիզի օդանավակայանից
Անօթևանը 300 հազար եվրո է գողացել Փարիզի Շառլ դը Գոլի անվան միջազգային օդանավակայանի շենքից: Այս մասին հայտնում է Parisien-ը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ ուրբաթ տեսանկարահանող սարքերը կանխիկ գումարների հետ կապված գործարքներով զբաղվող Loomis ընկերության գրասենյակի մոտակայքում արձանագրել են՝ ինչպես է եվրոպական արտաքինով 50-ամյա տղամարդը ստուգել աղբամանների պարունակությունը: Հանկարծ նա նկատել է, որ ընկերության դուռը կողպված չէ, և րոպեներ անց դուրս է եկել այնտեղից փողով լի երկու տոպրակով:
Նշվում է, որ ոստիկանությունը սկսել է միջադեպի հետաքննությունը:
Տղամարդը ծանոթ է օդանավակայանի ոստիկանությանը, սակայն գողությունից հետո նա չի հայտնվել այդ տարածքում: