Մտացածին է, թե գործը փակուղում է. Գլխավոր դատախազությունը`«Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվողներին ՀՀ–ին չհանձնելու լուրերի մասին
Տեղեկությունները, թե Վրաստանի իրավապահ մարմինների կողմից «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության կատարման մեջ մեղադրվող ՀՀ երկու քաղաքացիներին հայկական կողմին չհանձնելու պատճառով Հայաստանի իրավապահ համակարգում հարուցված քրեական գործը փակուղում է հայտնվել, մտացածին են: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի` ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը`իր ֆեյսբուքյան պարզաբանելով շրջանառվող լուրերը:
«Այսօր զանգվածային լրատվամիջոցներում տարածվել են տեղեկություններ, թե իբր Վրաստանի իրավապահ մարմինները հայկական կողմին չեն հանձնում «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության կատարման մեջ մեղադրվող ՀՀ երկու քաղաքացիներին, ինչի պատճառով հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահ մարմինները հայտնվել են փակուղում:
Տեղեկատվությունն ամբողջությամբ մտացածին է: Նախ՝ հենց հատկապես Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների միջև սերտ, համագործակցված աշխատանքի արդյունքում են այդ անձինք հայտնաբերվել և կալանավորվել հարևան երկրի տարածքում: Երկրորդ՝ վերոնշյալ անձանց քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու վերաբերյալ ՀՀ դատախազության կողմից միջնորդությունը վրացական կողմին սահմանված կարգով ներկայացվելուց սկսած՝ Էքստրադիցիոն ընթացակարգերը լիարժեքորեն պահպանվում են: Գործընթացը թույլատրելի և նախատեսված ժամկետների սահմաններում է: Այս պահին էլ երկու երկրների դատախազությունները, գտնվելով ակտիվ աշխատանքային շփումներում, իրականացնում են հանձնման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները»,-գրել է նա: