ՀՀ-ում գտնվող վրացիները պատմել են, որ Մայդանի դեպքերի ժամանակ մարդկանց վրա կրակ բացած դիպուկահարներին խոստացել են 5000-ական դոլար վճարել. փաստաբան
Վրաստանի երկու քաղաքացիներ, որոնք ներկայում բնակվում են Հայաստանի տարածքում, համաձայնել են վկայություն տալ 2014 թվականին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Անկախության հրապարակում տեղի ունեցած դեպքերի գործով, որի շրջանակում քննվում է քաղաքացիների վրա կրակ բացած դիպուկահարների մասնակցությունը Մայդանի դեպքերին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում ուկրաինացի փաստաբան Ալեքսանդր Գորոշինսկին հայտնել է, որ Վրաստանի քաղաքացիները փաստաբանների հետ զրույցում պատմել են, որ դրսից բերված դիպուկահարներին խոստացել են վճարել 5.000 ԱՄՆ դոլար:
Ավելի վաղ այս տեղեկությունները նրանք հայտնել էին իտալացի լրագրողներին, որոնք պնդել են, որ Կոբա Ներգաձե, Զալոգի Կվարացխելիա և Ալեքսանդր Ռևազիշվիլի ներկայացած Վրաստանի քաղաքացիների հետ զրուցել են Մակեդոնիայում:
Այժմ նրանց հայտնած տեղեկությունների իսկությունն, ըստ փաստաբանի, պետք է պարզվի։
Օրեր առաջ Գորոշինսկին, որը զբաղվում է 2014 թվականի դեպքերի ժամանակ Մայդանում «Բերկուտ» հատուկ ջոկատի նախկին անդամի դեմ գործով, հայտնել էր, որ Վրաստանի երկու քաղաքացիներ պատրաստ են վկայություն տալ գործի առնչությամբ և պատմել 3 տարի առաջ Կիևում՝ Անկախության հրապարակում, դիպուկահարների գործողությունների մասին:
Վրաստանի երկու քաղաքացիների պնդմամբ՝ իրենք եղել են հատուկ Մայդանի դեպքերի համար Ուկրաինա բերված դիպուկահարների խմբում, սակայն անձամբ կրակ չեն բացել մարդկանց ուղղությամբ: Վրացիները հայտնել են, որ պատրաստ են վկայություն տալ ՀՀ տարածքից՝ նշելով, որ այնտեղ են՝ անվտանգության նկատառումներով: