Եթե հավելագրումների մասին կոնկրետ փաստեր բերվեն, պատրաստ ենք քննարկել. ՀԷՑ խոսնակ
Մենք պատրաստ ենք քննարկել, նայել ցանկացած նմանատիպ հարց, եթե կան կոնկրետ փաստեր. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նատալյա Սարջանյանը` անդրադառնալով «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանի այն հայտարարությունը, թե «Հայաստանի էլեկտրական ցանցերը» բնակիչներից և կազմակերպություններից հավելյալ գումարներ է գանձում՝ հաշվիչ սարքերով ավելի կիլովատեր գրելով։
«Լավ կլինի կոնկրետ փաստեր բերվեն, թե այս բաժանորդին, այսինչ ժամանակահատվածում հավելագրում են կատարել: Կոնկրետ փաստի հետ կապված, եթե մեզ կդիմեն, մենք կուսումնասիրենք, կպատասխանենք, բայց օդի մեջ արված հայտարարություններին՝ առանց փաստերի, մեկնաբանություն չենք տալիս»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Ամարյանը ասել էր. «Ինչպես է կատարվում այս ամենը: Էլեկտրացանցերի աշխատողները, ավել գումարներ գրելով, կարողանում են յուրացնել բնակիչներից մեկի փողերը. ես ասում եմ՝ արի իմը քիչ գրի, ես փողը քեզ կտամ, ինքը իմ հաշիվը փակում է ուրիշ հարևանի հաշվով: Նա վճարում է իմ տեղը, բայց իմ գումարները էլեկտրացանցերի աշխատողը վերցնում է իրեն»։