Նիկոլ Փաշինյանին զարմացրել է ԱԺ-ում գտնվող Լենինի արձանը. Արսեն Բաբայանը պարզաբանում է՝ արձանը տեղափոխվել է չօգտագործվող իրերի վայր
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Facebook- իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ Վլադիմիր Լենինի արձանն է, որը գտնվում է Հայաստանի Ազգային ժողովում:
«Հենց նոր տեսա ԱԺ-ում։ Երևի բերել են, որ ապրիլին մտցնեն ԱԺ դահլիճ։ Վերջին բոլշևիկի նախընտրական արշավի մեկնարկը»,-լուսանկարին կից մեկնաբանել է Փաշինյանը:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ արձանը Ազգային ժողովի շենքում է գտնվում խորհրդային տարիներից:
«Ուղղակի հիմա որոշվել է տանել այնպիսի տեղ, որտեղ պահպանում են չօգտագործվող իրերը»,-ասաց նա:
Բաբայանը հաստատեց, որ խորհրդարանի շենքում թանգարան կա: «Բայց, իհարկե, Լենինի արձանը թանգարանային նմուշ չէ, գույք է, որի ճակատագիրը պետք է լուծվի»,-ասաց նա:
Ըստ նրա՝ Լենինի արձանի ճակատագիրը կլուծվի, երբ «աշխատակազմը կցանկանա դրան անդրադառնալ»: