Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգերի գնումը շարունակում է մտահոգել ԱՄՆ-ին. Պետդեպի ներկայացուցիչ
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միթչելը հայտարարել է, որ C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ կապված ռուս-թուրքական գործարքը շարունակում է մտահոգել իրենց, գրում է diken.com.tr կայքը:
Միթչելը մանրամասնել է, որ իրենք թեմայի շուրջ որոշ քննարկումներ են նախաձեռնել թուրք գործընկերների հետ, սակայն դա միայն Թուրքիայի հետ կապված մտահոգությունների մի մասն է:
Պետքարտուղարի օգնականը շեշտել է, որ Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակցի՝ դեռևս կալանքի տակ մնալն ու հարցի շուրջ Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը նույնպես շարունակում է խորը մտահոգության պատճառ մնալ ԱՄՆ-ի համար:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնումն այդ երկրի ինքնուրույն որոշումն է, սակայն Թուրքիան այն ՆԱՏՕ-ի այլ զինատեսակների հետ համատեղ կիրառել չի կարողանա:
Նշենք, որ «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման վերաբերյալ գործարքն արժեցել է ավելի քան 2 մլրդ դոլար։