«Ցանկացած գողություն, որ բացահայտվում է, ունենում է իրավական հետևանքներ, բայց ինչպես ժողովուրդն է ասում՝ չի բռնվել` գող չէ». Գագիկ Մելիքյան (տեսանյութ)
Գոտիները ձգելու մշտական հորդորները ոչ թե ՀՀ քաղաքացիներին են վերաբերում, այլ պետական բյուջեից աշխատավարձ ստացող աշխատողներին, որոնք բնակչության շատ փոքր մասն են կազմում. այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ պնդելով, թե այնպես չէ, որ պաշտոնյաներին իրենց ներկայացուցչական ծախսերից չեն զրկում:
«Հորդորը ներկայացվում է նրանց, ովքեր բյուջեից ստանում են աշխատավարձեր, պետական բյուջեից նրանց վրա ծախսեր են կատարվում, նրանք 1-2 տոկոսն են կազմում, իսկ բնակչության մի մասն էլ աշխատում է մասնավոր սեկտորում. նրանց համար, դուք տեսնում եք, յուրաքանչյուր տարի աշխատավարձի բարձրացում լինում է»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե հորդորները տեղ չե՞ ն հասնում, ինչի մասին է հուշում նաև ԱԺ-ի՝ 4 մլն-ի հասնող հեռախոսազանգերի պարտքը, Մելիքյանը պատասխանեց. «Հեռախոսազանգերի համար քննարկումը ԱԺ-ում տեղի է ունեցել և բոլոր նրանք, ովքեր սահմանված չափը գերազանցել են, իրենց անձնական հաշիվներից վճարել են»:
Ինչ վերաբերում է Նախագահ Սերժ Սարգսյանի հորդորին, որ ամոթ է գողանալ, ՀՀԿ պատգամավորը նշեց, թե յուրաքանչյուր համայնքի ղեկավար իր պաշտոնական պարտականությունները կատարելիս պետք է առաջնորդվի միայն օրենքով: «Պետք է իր պաշտոնական պարտականությունները կատարի պատասխանատվության և պարտքի բարձր զգացումով: Բոլոր այն համայնքների ղեկավարները, ովքեր կզբաղվեն անօրինական գործողություններով, ովքեր ոչ պատշաճ կվերաբերվեն իրենց պարտականություններին, կենթարկվեն պատասխանատվության»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե այսինքն՝ մինչև հունվար թույլ է տրվել նրանց թալանել և, Նախագահի խոսքով, այլևս թույլ չի՞ տրվելու, Մելիքյանը պատասխանեց. «Նրանք, ովքեր իրենց պարտականությունները կատարելու մեջ թերացել են, անարդյունավետ ծախսեր են թույլ տվել, անօրինական գործողություններ են իրականացրել, կարծում եմ, մեծամասամբ ենթարկվել են պատասխանատվության և համոզված եմ՝ նրանք, ովքեր կփորձեն իրենց պաշտոնական պարտականություններում թերանալ, անօրինական գործողություներ իրականացնել, նրանք նույնպես կենթարկվեն պատասխանատվության: Խնդիրը պատասխանատվության զգացումն է, օրինականության դաշտում աշխատելու մտահոգության մասին է, որ բարձրացրեց նախագահը և, կարծում եմ, սա բխում է բոլորիս ՝ երկրի և ժողովրդի շահերից»,-ասաց նա:
Ըստ Գագիկ Մելիքյանի՝ բազմաթիվ պաշտոնյաներ պատասխանատվության են ենթարկվում և կրում են իրենց արժանի պատիժը:
Հարցին, թե օրինակ՝ԶՈւ Գլխավոր Շտաբի պետի տեղակալ Հակազ Բաղմանյանը աշխատանքից ազատվեց, բայց, ըստ մամուլի, թերացումների համար այդպես էլ պատասխան չկրեց, պատգամավորն արձագանքեց, թե հստակ պետք է ներկայացնել, հատկապես ինչ չարաշահումներ են արվել: Հարցին, թե ինչ չարաշահումների համար է հեռացվել, Մելիքյանը պատասխանեց, թե չգիտի. «ՀՀ Պաշտպանության նախարարն իր հայտարարության մեջ հստակ նշեց, թե ինչի համար է հորդորել զեկուցագիր ներկայացնել աշխատանքից հեռացվելու համար և հստակ ներկայացվել է նաև պատճառը»:
Հարցին՝ բացի նախագահից, նաև վարչապետն էր նման հայտարարություն արել, թե պետք է վերջ դնել պրիմիտիվ գողություններին, արդյոք սա չի՞ հուշում այն բանի մասին, որ իրավական հետևանքներ չկան, դրա համար էլ լուծում չի ստանում, Գագիկ Մելիքյանը նշեց, թե ցանկացած գողություն , որը բացահայտվում է, ունենում է իրավական հետևանքներ»:
«Բայց, ինչպես ժողովուրդն է ասում, չի բռնվել՝ գող չէ, բայց գողությունը ծնվել է մարդկության հետ միասին, և, կարծում եմ, մարդկության հետ էլ կվերջանա, այնպես չէ, որ եթե նմանատիպ հայտարարություններ չեն հնչում, ուրեմն գողություններ չեն լինում, ամեն օր են լինում և ամեն դաշտում»,-ասաց նա: