Թիլերսոնն ասել է՝ երբ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ կտեղափոխվի
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, անդրադառնալով նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վիճահարույց որոշմանը, ասել է, որ այն դժվար թե կյանքի կոչվի Թրամփի ներկայիս պաշտոնավարման ժամկետի ընթացքում:
Ինչպես նշում է haaretz.com կայքը, Պետքարտուղարությունում ելույթի ժամանակ Թիլերսոնն ընդգծել է, որ դեսպանատան տեղափոխման համար ԱՄՆ-ից առնվազն 3 կամ ավելի տարի կպահանջվի:
«Դա այնպիսի բան չէ, որ միանգամից կատարվի: Հավանաբար, 3 տարուց ոչ շուտ: Սա շատ հավակնոտ ծրագիր է»,-ասել է Թիլերսոնը՝ ընդգծելով, որ այժմ կան բազմաթիվ լոգիստիկ խոչընդոտներ:
Հիշեցնենք, որ Թրամփը դեկտեմբերի 6-ին պաշտոնապես հայտարարել էր Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ու ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից այդ քաղաք տեղափոխելու որոշման մասին:
«Վստահ եմ, որ ժամանակն է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչել: Մինչ նախկին նախագահները միայն խոստումներ էին տալիս այս մասին, սակայն իրենց խոսքը չէին պահում, ես պատրաստ եմ դա անել: Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է: Այս փաստի ճանաչումը ոչ ավելին է, քան իրականության ընդունում»,-հայտարարել է Թրամփը:
Բազմաթիվ պետությունների ղեկավարներ շտապել են քննադատել այս որոշումը՝ նախազգուշացնելով, որ դա կսադրի Պաղեստինի հետ խաղաղ բանակցային գործընթացը:
1948թ. Իսրայելի հիմնադրումից ի վեր ԱՄՆ-ն դարձել է նման հայտարարությամբ հանդես եկած առաջին երկիրն աշխարհում: