Խորհրդարանական համակարգի անցումը մեծ մարտահրավեր է շատերի, առավել ևս ԱԺ-ի և պատգամավորների համար․ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
ՆԱՏՕ-ի հետ համագործակցության առումով տարին իրադարձություններով բավականին հարուստ է․ «ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստանում» միջոցառումների մեկնարկն ազդարարող հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը:
Նա հիշատակեց, որ ընթացիկ տարվա փետրվարի 27-ին Հայաստանի նախագահն այցելեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, ուր հանդիպեց կառույցի գլխավոր քարտուղարի հետ, իսկ արդեն հունիսի 13-ին Հայաստան այցելեց ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը:
«Հունիսի 13-ին Հայաստան այցելեց Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը, ում ընդունեց երկրի ղեկավարը: Ծավալուն քննարկումներ եղան ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- նշեց բանախոսը:
Արմեն Եդիգարյանը նաև հիշեցրեց, որ այս տարվա ապրիլին Հյուսիսատլանտյան խորհուրդն ընդունեց վստահության հինգերորդ փաստաթուղթը:
Միջոցառմանը ներկա ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն իր հերթին հիշեցրեց, որ Հայաստանը ակտիվորեն մասնակցում է ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանի և Կոսովոյի առաքելություններին:
«Այս տարի մեր մասնակցությունը շարունակվել է նույն ծավալով, ինչ նախկինում: Համագործակցությունը կշարունակվի նաև առաջիկա տարիներին: Ձևավորում ենք նոր կարողություններ: ՆԱՏՕ-ի հետ ՀՀ առաջնահերթ պլաններն ունեն երկարաժամկետ բնույթ և դրանք տարիների ընթացքում կատարելագործվելու են: Շատ կարևոր է ՆԱՏՕ-ի կրթական ծրագրերի շրջանակներում ռազմական կրթության և վերապատրաստման ոլորտի համագործակցությունը»,- ասաց նա՝ մատնանշելով, որ այս տարվա հիմնական ձեռքբերումներից մեկը նաև ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի վերաբերյալ համաձայնագիրն էր, որի ստորագրումը ենթադրում է ոչ պիտանի ռազմամթերքի ոչնչացում:
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոսարիա Պուգլիսին էլ իր հերթին նշեց, որ այս շաբաթը հնարավորություն է ընձեռնում հանրությանը ցուցադրել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործողությունների ամբողջ ծավալը:
«Մենք շնորհակալ ենք Հայաստանին՝ Աֆղանստանում 121 և Կոսովոում 35 խաղաղապահ գործուղելու համար: Հաշվի առնելով, որ Հայաստանը փոքր երկիր է` նման ներդրումը շատ բարձր է գնահատվում: Մեր համագործակցությունը չի սահմանափակվում միայն ռազմական ոլորտով: Ի նշան ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության բարձր գնահատման՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետտեմյուլլերը դեկտեմբերի 18-ին այցելելու է Հայաստան»,- նշեց նա:
ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն էլ նկատեց, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կարող է օժանդակել Հայաստանի խորհրդարանական համակարգի անցնելու դեպքում պաշտպանական ոլորտի զարգացմանը:
«Խորհրդարանական համակարգի անցումը մեծ մարտահրավեր է շատերի, առավել ևս խորհրդարանականների համար: Մենք պատրաստ ենք առաջարկելու մեր փորձագիտական ծառայությունները, որպեսզի կարողանանք փորձով կիսվել Հայաստանի հետ՝ ինչպես խորհրդարանական վերահսկողություն իրականացնել: Ահա թե ինչու մեկշաբաթյա միջոցառումների շրջանակներում մենք Հայաստան ենք հրավիրել Գերմանիայի ՊՆ բարձրաստիճան պաշտոնյային՝ մասնակցելու ԱԺ-ում կայանալիք թեմատիկ միջոցառմանը»,- նշեց դեսպանը: