Բաքուն արդեն պաշտոնապես հայտնել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճիռը կատարելու իր պատրաստակամությունը. Գ. Կոստանյան
Եվրոպական դատարանը փորձել է մարդու իրավունքների կոնտեքստից դուրս չգալ և հաշվի չառնել թե՛ կոնկրետ կոնֆլիկտի պատճառները, թե՛ կոնֆլիկտի ընթացքը և թե՛ արդյունքները: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի՝ ԼՂ հակամարտության ժամանակ տեղահանված անձանց՝ «Չիրագովն ու այլք ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով վճիռներին:
«Եվրոպական դատարանը գնահատականը տվել է զուտ մարդու իրավունքների տեսանկյունից՝ երկկողմանի հարաբերակցությունը սահմանելով: Իմիջիայլոց, խոսքը վերաբերում է ոչ միայն իրավունքի խախտման փաստի ճանաչման համադրելիությանը, այլև բացարձակ իմաստով տրամադրվող նյութական փոխհատուցման չափի համադրելիությանը: Այո, դրանք տրամագծորեն տարբեր մոտեցումներ են»,-պարզաբանել է Գևորգ Կոստանյանը:
Նրա տեղեկացմամբ՝ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով քննարկման առարկա դարձավ գույքի ոչնչացումը, դեպի գույք՝ իր օգտագործման իրավունքի սահմանափակումների բոլոր հնարավոր խախտումները, որոնք արձանագրվեցին Եվրոպական դատարանի կողմից, և որի դիմաց Եվրոպական դատարանը սահմանեց 5000 եվրո փոխհատուցման չափ:
«Իրավունքի խախտման վերականգնման տեսակետից այս վճռի կարևորությունը մեր փախստականների համար այն է, որ ոչ թե 5000 եվրո փոխհատուցում է տրամադրվում նրանց կորցրած գույքի դիմաց, այլ այդ 5000 եվրոն տրամադրվում է այդ ժամանակահատվածում իրենց գույքից չօգտվելու համար: Իսկ գույքի իրական արժեքի և գույքի փոխհատուցումը լրիվ այլ ընթացակարգ է և վճռով սահմանված է, որ պատասխանող պետությունը պետք է ստեղծի այնպիսի մեխանիզմ, որպես կանոն, դա հանձնաժողովն է, որը հնարավորություն կունենա բոլոր փախստականների գործերն առանձին-առանձին նայելու, գնահատելու նրանց կորցրած գույքի կազմը, գույքի արժեքը, գույքի ծավալները, և համապատասխան ընթացակարգերով սահմանված փոխհատուցի դրանք»,-ասաց նա։
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի խոսքով՝ սրանով գործընթացը չի ավարտվում, այս գումարը վճարելով՝ Ադրբեջանը չի ավարտում իր պարտավորությունները մեր փախստականների նկատմամբ, այլ սրանով սկսվում է ամբողջ գործընթացը, և Ադրբեջանը գույքով վճարելու փաստով անցնում է երկրորդ փուլին՝ իրավունքի վերականգնման գործընթացին:
««Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» գործը նմանատիպ գործընթաց է: Դատարանն այդ նույն ժամանակահատվածում սահմանեց նրան փոխհատուցման՝ 5000 եվրո գումարի չափ, արդեն 20 տարուց ավել գույքից չօգտվելու համար: Այնուհետև նորից առաջարկ է ներկայացրել ՀՀ-ին, այս դեպքում, որպեսզի ստեղծվի այնպիսի մեխանիզմ, որով կփոխհատուցվի Չիրագովի և նման կարգավիճակում գտնվող՝ Չիրագովի նման այլ սուբյեկտների գույքի օտարման կամ գույքից զրկելու կամ գույքի փչացման արդյունքում հասցված վնասները: Պարիտետը պահպանվել է անգամ այս մեխանիզմների սահմանման տեսակետից: Բայց տարբերությունը դրանց կատարման պրոցեսի մեջ է»,-նշել է Գևորգ Կոստանյանը:
Նա հիշեցրել է, որ ՄԻԵԴ-ի վճիռը չկատարելու նախորդ դեպքը վատ հետևանքներ ունեցավ Ադրբեջանի համար և էլ ավելի վատ հետևանքներ կունենա: Ըստ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի՝ Սարգսյանի գործի վճռի կատարումն անխուսափելի է, որովհետև Ադրբեջանի կառավարությունն ի դեմս Եվրոպական դատարանում կառավարության ներկայացուցչի, արդեն իսկ պաշտոնապես ներկայացրել է իրենց պատրաստակամությունը Սարգսյանի վճիռը կատարելու կապակցությամբ. «Դա արդեն փաստ է, որ Ադրբեջանը չի կարող այլևս հրաժարվել դրա կատարումից»:
Անդրադառնալով Չիրագովի գործի վճռին՝ Գևորգ Կոստանյանը պարզաբանել է, որ վճիռը վերաբերում է Արցախի Հանրապետության տարածքում կատարված հնարավոր խախտումներին, վճռի կատարումը ենթադրում է Արցախի Հանրապետության տարածքում այս մարդկանց հող կամ տուն, կամ այլ գույք տրամադրելու հնարավորությանը:
«Այսինքն՝ չի կարող Արցախի իշխանությունը, Արցախի Հանրապետությունը՝ որպես սուբյեկտ, ձեռնպահ կամ անմասն մնալ իր պետության տարածքում իրավունքի վերականգնման հարցերին: Չի կարող: Գործնականում անհնար է, որովհետև նաև միջազգային իրավունքի տեսակետից թեև դեռևս չճանաչված սուբյեկտ է, ամեն դեպքում, այն հանգամանքը, որ այդ իշխանությունը փաստացիորեն առկա է, իշխանությունը պետք է մասնակցություն ունենա այս ամբողջ գործընթացին»,-ասել է Գևորգ Կոստանյանը: