Բրազիլական հավի մսում հայտնաբերվել են սալմոնելա ու հակաբիոտիկներ. 2017 թ. առաջին 10 ամիսներին ՀՀ-ում գրանցվել է սալմոնելային վարակի 324 դեպք. Դավիթ Պիպոյան (տեսանյութ)
Փաստացի, փորձաքննության ենթարկված ներկրված հավի մսում հայտնաբերվել են այնպիսի ախտածիններ, ինչպիսիք են սալմոնելան ու հակաբիոտիկները: Իսկ առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներով 2017 թ. առաջին 10 ամիսներին գրանցվել է սալմոնելային վարակի 324 դեպք: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ներկրվող թռչնամսի ուսումնասիրություններն ապացուցում են, որ այստեղ լուրջ վտանգներ կան: Ընդ որում` ուսումնասիրությունները կատարվել ոչ թե սիրողական, այլ ՀՀ-ում հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում: Մասնավորապես, խնդիրը բրազիլական հավերում հակաբիոտիկների և սալմոնելայի առկայությունն է:
«Մենք նաև համեմատեցինք` տվյալ երկրի արտադրանքի հետ այլ երկրներում խնդիրներ եղել են, թե ոչ: Եվ, ամենաթարմ տվյալներով, տարբեր երկրներում նույն խնդիրներն են առաջացել: Օրինակ` դեկտեմբերի 6-ին Հոլանդիայում սալմոնելայի առկայություն է հայտնաբերվել բրազիլական հավում, այնուհետև` դեկտեմբերի 6-ին դարձյալ սալմոնելայի հայտնաբերում եղավ Մեծ Բրիտանիայում դարձյալ բրազիլական հավերում: Խորվաթիայում է դեկտեմբերի 4-ին նույն դեպքը եղել: Տարբեր երկրներ բրազիլական մսում հայտնաբերել են այսպիսի ախտածիններ»,- նշեց Դավիթ Պիպոյանը:
Ի դեպ`նշված երկրներում բրազիլական հավի մսում սալմոնելայի հայտնաբերումից հետո դրանք հավաքվել են շուկայից, բայց Հայաստանում բրազիլական թռչնամսի սպառումը դեռևս իրականացվում է:
Դավիթ Պիպոյանը նաև ներկայացրեց առողջապահության նախարարությունից ստացված տվյալներ, ըստ որոնց՝ միայն հոկտեմբեր ամսին հանրապետությունում գրանցվել է 23 սալմոնելային վարակ, իսկ 2017 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին՝ 324 դեպք:
«Սա միայն պաշտոնական և փաստացի տեղեկատվություն է, այսինքն` սրա մեջ մտնում են միայն պաշտոնապես գրանցված հիվանդները: Գիտեք, որ մեր երկրում մարդիկ ոչ միշտ են թունավորումների կամ հիվանդանալու ժամանակ դիմում բուժհաստատություններ: Փաստացի մենք տեսնում ենք, որ մեր երկրում թռչնամսի հետ կապված խնդիրն առկա է»,- նկատեց նա: