Փաստեր «Հաջողության ջենթլմենների» մասին, որոնք շատերին անհայտ են (լուսանկարներ)
1971 թվականի դեկտեմբերի 13-ին Մոսկվայի «Россия» կինոթատրոնում տեղի է ունեցել «Հաջողության ջենթլմենները» ֆիլմի պրեմիերան: Այս առիթով Big Picture-ը մի քանի փաստ է ներկայացրել սիրված ֆիլմի մասին, որոնք շատերին անհայտ են:
1972 թվականին ֆիլմը դիտել է մոտ 65 միլիոն մարդ: Ականատեսների խոսքով՝ պրեմիերայից հետո սպեկուլյանտներն առավոտյան գնում էին բոլոր տոմսերը, որոնց ամենաբարձր գինը 20 կոպեկ էր, և վերավաճառում դրանք երեք ռուբլիով: Խորհրդային կինեմատոգրաֆի ամբողջ պատմության մեջ այս ֆիլմը հաճախելիությամբ զբաղեցնում է 12-րդ տեղը:
Շատերը սխալմամբ ֆիլմի ռեժիսոր են համարում Գեորգի Դանելիային, սակայն իրականում այն նկարահանել է Ալեքսանդր Սերին. Գեորգի Դանելիան ու Վիկտորիա Տոկարևան եղել են սցենարի հեղինակները:
«Հաջողության ջենթլմենների» գաղափարի հեղինակը հայտնի սցենարիստ Վալենտին Եժովն է: Սկզբում սյուժեն ամբողջովին այլ է եղել. միլիցիայի բարի կապիտան/լեյտենանտը համոզելով վերադաստիարակում է ավազակներին, սակայն միլիցիայի բարձրագույն ղեկավարությունը չի հավանել այս գաղափարը: Արդյունքում գլխավոր հերոս է դարձել մանկապարտեզի տնօրենը, իսկ նրա հակապատկերը՝ Դոցենտ մականունով կրկնահանցագործը:
Դերասանների վերջնական կազմը նույնպես տարբերվել է սկզբնականից: Գլխավոր դերն անմիջապես տրվել է Եվգենի Լեոնովին, իսկ գող ռեցիդիվիստների դերը պետք է կատարեին Անդրեյ Միրոնովը, Ռոլան Բիկովը, Յուրի Նիկուլինը և Սավելի Կրամարովը: Տարբեր պատճառներով Միրոնովը, Բիկովը և Նիկուլինը հրաժարվել են նկարահանվել, և այս դերերը կատարել են Գեորգի Վիցինը, Սավելի Կրամարովը և Ռադներ Մուրատովը: