Պաղեստինը պատրաստվում է չեղյալ հայտարարել Իսրայելի հետ ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները. Մահմուդ Աբբաս
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը Ստամբուլում մեկնարկած Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի միակողմանի որոշումներ կայացնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հռչակելու հետ կապված և որ ամբողջ աշխարհը դեմ է այդ որոշմանը, գրում է РИА Новости գործակալությունը:
«Թրամփը ցանկանում է նվիրել Երուսաղեմն Իսրայելին, կարծես նա միակն է աշխարհում, ով կարող է որոշումներ կայացնել և ում խոսքը կշիռ ունի: Ճապոնիայից մինչև Կանադա՝ բոլոր երկրները դեմ են այս որոշմանը, նույնիսկ նրանք, ովքեր միշտ սովոր են եղել լինել ԱՄՆ-ի կողքին», - ասել է Պաղեստինի առաջնորդը:
Աբբասը նաև հայտարարել է, որ իրենք պատրաստվում են չեղյալ հայտարարել Իսրայելի հետ ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները:
Ինչպես մանրամասնում է Independent պարբերականը, բացի այդ, Պաղեստինի ղեկավարը շեշտել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման շրջանակում պաղեստինցիներն այսուհետ չեն ցանկանում ընդունել ԱՄՆ-ի միջնորդությունը խաղաղության գործընթացում:
Նշենք, որ Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովի մեկնարկից առաջ Աբբասը Ստամբուլում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու մասին, ինչի հետևանքով բախումներ են սկսվել մահմեդականների և հրեաների միջև։
Իսրայելը Երուսաղեմն անվանում է իր «միասնական և անբաժան» մայրաքաղաքը, ներառյալ դրա արևելյան թաղամասերը և պատմական կենտրոնը, որոնք կես դար առաջ նա գրավել է Հորդանանից և ավելի ուշ բռնակցել: Միջազգային հանրությունը չի ճանաչում անեքսիան և քաղաքի կարգավիճակը համարում է հակամարտության ամենակարևոր խնդիրներից մեկը, որը պետք է լուծվի Երուսաղեմի արևելյան հատվածին հավակնող պաղեստինցիների հետ պայմանավորվածության հիման վրա: