Երուսաղեմը պետք է ճանաչվի Պաղեստինի մայրաքաղաք. Թուրքիայի արտգործնախարարը՝ Ստամբուլում մեկնարկած ԻՀԿ գագաթնաժողովի ժամանակ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Երուսաղեմը պետք է ճանաչվի Պաղեստինի մայրաքաղաք, և կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Պաղեստինի անկախությունը՝ 1967 թվականի մինչպատերազմյան սահմաններով:
Ինչպես փոխանցում է թուրքական diken.com.tr կայքը, այս հայտարարությունը Չավուշօղլուն արել է Ստամբուլում մեկնարկած Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովի ժամանակ:
«Մենք՝ որպես Երուսաղեմի արևելքը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչողներս, կոչ ենք անում մյուս բոլոր երկրներին ճանաչել Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք և Պաղեստինի անկախությունը՝ 1967 թվականի սահմաններով», - ասել է Չավուշօղլուն:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես էր եկել դեկտեմբերի 13-ին Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների առաջնորդների արտահերթ գագաթնաժողովի հրավիրման նախաձեռնությամբ՝ ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մտադրության առնչությամբ: Նա հավելել էր, որ եթե Երուսաղեմը ճանաչվի Իսրայելի մայրաքաղաք, ապա «առաջիկա 5-10 օրում Իսլամական համագործակցության կազմակերպության ղեկավարները կհավաքվեն Ստամբուլում և շարժման մեջ կդնեն ամբողջ մահմեդական աշխարհը»:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու մասին, ինչի հետևանքով բախումներ են սկսվել մահմեդականների և հրեաների միջև։
Իսրայելը Երուսաղեմն անվանում է իր «միասնական և անբաժան» մայրաքաղաքը, ներառյալ դրա արևելյան թաղամասերը և պատմական կենտրոնը, որոնք կես դար առաջ նա գրավել է Հորդանանից և ավելի ուշ բռնակցել: Միջազգային հանրությունը չի ճանաչում անեքսիան և քաղաքի կարգավիճակը համարում է հակամարտության ամենակարևոր խնդիրներից մեկը, որը պետք է լուծվի Երուսաղեմի արևելյան հատվածին հավակնող պաղեստինցիների հետ պայմանավորվածության հիման վրա: