Ավելի քան 3 տարի ԻՊ-ի գերության մեջ եղած 6 եզդի երեխաները գտնվել են Թուրքիայում ու հանձնվել իրենց ընտանիքներին
Ավելի քան 3 տարի առաջ իրաքյան Շենգալ (Սինջար-tert.am) շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից առևանգված եզդի երեխաներից 6-ն օրերս գտնվել են Թուրքիայի տարածքում, այս մասին տեղեկացնում է artigercek.com կայքը:
«ԻՊ-ի կողմից առևանգված եզդի երեխաների փրկության գրասենյակ»-ի տնօրեն Հուսեյն ալ Քաիդին հայտնել է, որ երեխաների ընտանիքներն արդեն գտնվել են, անչափահասները 3 տարվա բաժանումից հետո վերջապես հանձնվել են իրենց ծնողներին:
«ԻՊ-ի կողմից առևանգված եզդի երեխաների փրկության գրասենյակ»-ը տեղեկություն ունի նաև Թուրքիայի տարածքում գտնվող ևս մի քանի եզդի երեխաների մասին, որոնց գտնելու ուղղությամբ այժմ աշխատանքներ են տարվում:
Ալ Քաիդին հավելել է, որ ԻՊ-ի ահաբեկիչների մոտ շարունակում է մնալ դեռևս 3.000 եզդի, նրանց թվում քիչ չեն երեխաները:
Հայտնի է, որ 2014 թվականին՝ Շենգալի շրջանի գրավման ժամանակ, ԻՊ-ի մոտ է հայտնվել շուրջ 6.000 եզդի, նրանցից մոտ 3.200-ը կարողացել է ավելի ուշ փախչել գերությունից: