Գործից հետո բոլորն էլ ընդդիմություն են. Սեյրան Սարոյանը չի հավատում, որ Սեյրան Օհանյանը կապ ունի Նորքի զինված խմբի հետ
Ամոթ ա, Սեյրանը տենց բան ո՞նց կաներ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսկերպ արձագանքեց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով Նորքի զինված խմբի գործով հրապարակված ձայնագրությանը:
Նա շեշտեց, որ ինքը չի հավատում, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կապ ունի Նորքի զինված խմբի հետ:
«Սեյրան Օհանյանը մեր ախպերն ա, մեր ընկերն ա, մեր հերոսն ա: Ինչի՞ պիտի չշփվեմ, եթե էսօր քաղաքական մտածելակերպով իրար նման չենք մտածում, ընկերությունը մեռա՞վ, պրծա՞վ: Ենթադրենք՝ սաղին ցեղ շպրտեցիք, հիմա Բաղմանյան Հայկազի վրա ցեխ շպրտենք, բանակից պրծա՞նք, վե՞րջ: Էսքան տարի որ ծառայել ա Հայկազը, վե՞րջ, մի անգամ էլ, ասենք, հրաման չի կատարել թերացել ա, պրծա՞վ, հանենք, գցե՞նք բանակից, էլ դու գեներալ կուզենա՞ս դառնալ: Եթե զինվորականը կողքից բիզնես ունի, ես ուրախ եմ, ուրեմն նա զինվորի հացը չի ուտի»,- ասաց նա:
Հարցին` պաշտպանության նախկին նախարարը կարո՞ղ էր Նորքի զինված հանցախմբի հետ կապ ունենալ, նա ընդգծեց. «Տենց բան չկա, կարողա մի երկու հատ էլ շառ անող կա, ասում ա: Ամոթ ա, Սեյրանը տենց բան ո՞նց կաներ, ոնց որ դու հրացանն ուզես, գնաս քո երեխեքի վրեն, տենց բան ո՞նց կլինի»:
Սեյրան Սարոյանը չի կարծում, որ հիմքում քաղաքական ենթատեքստ կա, ըստ նրա՝ Օհանյանն իշխանությանը դեմ դուրս չէր գա: Արձագանքելով դիտարկմանը, որ Սեյրան Օհանյանն ընդդիմադիր դաշտում էր գործում՝ նա ասաց. «Էդ ե՞րբ՝ գործից հետո։ Գործից հետո սաղ էլ ընդդիմություն են էլի»:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք ինքն էլ հետագայում ընդդիմություն է դառնալու, գեներալը պատասխանեց. «Ես կյանքում իմ պետությանը ոչ մի անգամ թույլ չեմ տա, որ մեկը կպնի՝ կհանեն գործից, չեն հանի: Էս մեր սարքած պետությունն ա, իմ սարքած պետությունն ա: Իշխանությունը հո հավե՞րժ չի, իմ ծնած երեխուն հո էգուց չեմ հելնելու խայտառակ անեմ քուչում: Գիտես լա՞վ են անում մթոմ, էսօր՝ էս սոված վախտերը, չգիտենք ում հետ կռվենք, ոնց կռվենք, իրար վրա ցեխ ենք շպրտում, էդ լա՞վ ա։ Չի կարելի սենց վատ տրամադրվել»: