Էրդողանը կոչ է արել բոլոր մահմեդական երկրներին Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մեկնարկած Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովի ժամանակ կոչ է արել բոլոր մահմեդական երկրներին ճանաչել Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք, գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Թուրքիայի ղեկավարը կրկին Իսրայելն ահաբեկչական պետություն է անվանել՝ հայտարարելով, որ Երուսաղեմն օկուպացված քաղաք է, իսկ ԱՄՆ-ն, ճանաչելով այն Իսրայելի մայրաքաղաք, ոտնահարել է բոլոր միջազգային նորմերը:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ի այդ քայլը ողջունել է միայն Իսրայելը, որը շարունակում է օկուպացված պահել պաղեստինյան տարածքները:
«Բավական է միայն մի փոքր քայլել այդ քաղաքում, որպեսզի հասկանաս, որ այն օկուպացված է», - ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրների ղեկավարներին, որոնք վճռական դիրքորոշում են որդեգրել Երոսաղեմի հարցում և չեն ընդունել ԱՄՆ-ի որոշումը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, պատասխանելով Էրդողանի այն հայտարարությանը, թե Իսրայելն «ահաբեկչական պետություն է», նշել էր, որ չի պատրաստվում բարոյականության դասեր լսել մի առաջնորդից, որն իր երկրում ռմբակոծում է քրդաբնակ գյուղերը, բանտ նետում լրագրողներին, օգնում Իրանին խուսափել պատժամիջոցներից ու աջակցում ահաբեկիչներին Գազայի հատվածում:
Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու մասին, ինչի հետևանքով բախումներ են սկսվել մահմեդականների և հրեաների միջև։
Իսրայելը Երուսաղեմն անվանում է իր «միասնական և անբաժան» մայրաքաղաքը, ներառյալ դրա արևելյան թաղամասերը և պատմական կենտրոնը, որոնք կես դար առաջ նա գրավել է Հորդանանից և ավելի ուշ բռնակցել: Միջազգային հանրությունը չի ճանաչում անեքսիան և քաղաքի կարգավիճակը համարում է հակամարտության ամենակարևոր խնդիրներից մեկը, որը պետք է լուծվի Երուսաղեմի արևելյան հատվածին հավակնող պաղեստինցիների հետ պայմանավորվածության հիման վրա: