ԱԺ նիստին ընդդիմադիրները դժգոհեցին՝ ՀՀԿ ու ՀՅԴ բացակա պատգամավորները մեխանիկորեն կողմ են քվեարկել՝ չիմանալով ինչին
Ազգային ժողովում «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց, թե ՀՀԿ-ական ու դաշնակցական բացակա պատգամավորները, ովքեր թողել են իրենց քվեարկության արդյունքները, տեղյա՞կ են եղել, որ 19 փաստաթուղթ դուրս է եկել նախագծից:
«Ստացվում է, որ նրանք մեխանիկորեն կողմ են քվեարկել՝ չիմանալով ինչին»,-ասաց նա:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ առավոտյան գրություններն է ստացել, թե ինչպես են բացակայող ու գործուղման մեջ գտնվող պատգամավորները ցանկանում քվեարկել: Նա խոստացավ, որ գրությունները քարտուղարությունը կներկայացնի:
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, որ ՀՀԿ-ական բացակայող պատգամավորները տեղյակ են եղել, թե ինչին են կողմ քվեարկում:
«Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը հեգնեց. «Հնարավո՞ր է, որ ոչ մի պատգամավոր էլ չգա, տեղեկություն ուղարկեն ու քվեարկեն, պարո՛ն Բաբլոյան»:
«Եթե ոչ մի պատգամավոր չգա, ո՞նց կլինի քվորում, որ մենք սկսենք աշխատել: Մենք աշխատում ենք համաձայն օրենքի, եթե խնդիր ունեք, կարող եք առաջարկ անել, օրենքը փոխել»,-արձագանքեց Արա Բաբլոյանը:
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ կոչ արեց նման օրենքների ընդունման ժամանակ ցուցաբերել հետևողականություն ու հանրագրային փոփոխություններ չբերել, քանի որ ձեռնարկատերերը չեն կարող աշխատել նման փոփոխությունների ժամանակ:
«Բայց ոնց որ թե դեռ չէի հայտարարել ոչ մի նախագիծ»,-ժպտալով նկատեց Արա Բաբլոյանը՝ հիշեցնելով, թե դեռ չէր ասել, որ նախագիծն է դրվում քվեարկության, և արդեն դեմ են արտահայտվում:
ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանն ասաց, որ բարեփոխումներ են այդ փոփոխությունները, դրանք չպետք է քննադատել:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացմամբ էլ՝ հարկային բեռն ավելանում է, թանկացումներ են լինելու այս նախագծով, «Ելք»-ն այդ պատճառով էլ դեմ է քվեարկում:
Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց 61 կողմ և 35 դեմ ձայների հարաբերակցությամբ: