Վիեննայում Ադրբեջանը հրաժարվեց միանալ համանախագահ երկրների հայտարարությանը. ԱԳ նախարար
Համանախագահների հայտարարությունը հերթական անգամ վերահաստատեց միջազգային իրավունքի երեք սկզբունքները, որոնք ընկած են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում: Այս մասին Հունաստանի ԱԳՆ–ում ունեցած ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Անցած շաբաթ ԵԱՀԿ նախարարական համաժողովին ունեցած իմ ելույթում մանրամասն անդրադարձա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, պատվիրակությունների ղեկավարները հայտարարություն ընդունեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հայաստանը պատրաստ էր միանալ այդ հայտարարությանը, սակայն Ադրբեջանը հրաժարվեց և արդյունքում մեզ չհաջողվեց ընդունել Հայաստանի, Ադրբեջանի և համանախագահների համատեղ հայտարարություն: Սա բազմիցս է կրկնվել ԵԱՀԿ նախարարական հանդիպումների շրջանակներում։ Այս մասին հայտնել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հունաստանի ԱԳՆ ղեկավարի կազմի առջև ելույթում։
Համանախագահների հայտարարությունը հերթական անգամ վերահաստատեց միջազգային իրավունքի երեք սկզբունքները, որոնք ընկած են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում: Դրանք են` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժաղովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը: Այս սկզբունքները հակամարտության կարգավորման տարրերի հետ մեկտեղ մշակվել են համանախագահների կողմից որպես մեկ ամբողջություն: 2009 թվականի դեկտեմբերին այստեղ` Աթենքում, կայացած նախարարական համաժողովի ժամանակ ԵԱՀԿ մասնակից բոլոր պետությունները, ներառյալ Ադրբեջանը, հավանություն են տվել դրանց: Սակայն, դրանից ի վեր Ադրբեջանը հետքայլ է կատարել և հրաժարվում է վերահաստատել դրանք: Հայաստանը բազմիցս հայտարարել է իր պատրաստակամության մասին շարունակել բանակցություններն այդ սկզբունքների և տարրերի հիման վրա` ուղղված հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:
Համանախագահների հայտարարությունը վկայակոչում էր հոկտեմբերի 16-ին Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովը, որը կայացավ ամենաբարձր մակարդակով՝ հանդիպումների տասնվեց ամիս տևած դադարից հետո: Մոտ չորս տարվա ընդմիջումից հետո, Ժնևի գագաթաժողովին առաջին անգամ հնարավոր եղավ, թեկուզ և բավական հակիրճ, համատեղ հայտարարություն ընդունել: Այս համատեղ հայտարարությունն արտացոլում էր այն, ինչ երկար ժամանակ կոչ է անում Հայաստանը. լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու նպատակով: Այս քայլերը ներկայացվել են 2016թ.-ի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին արված հայտարարություններում և դրանք շարունակաբար մերժվել են Ադրբեջանի կողմից: Հարց է առաջանում. Ինչպե՞ս հնարավոր կլինի նվազեցնել լարվածությունը, եթե Ադրբեջանը հրաժարվում է վերահաստատել 1994-1995 թթ. հրադադարի համաձայնագրերով ստանձնած իր հանձնառությունը: Ինչպե՞ս կարելի է նվազեցնել լարվածությունը, եթե Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը: Ժնևի հայտարարությունը նաև ընդգծում է բանակցային գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը, ինչը նույնպես մշտապես լրջորեն սատարվել է Հայաստանի կողմից:
Իրենց վերջին հայտարարության մեջ համանախագահները հերթական անգամ կոչ արեցին ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնումը և ընդգծեցին 2016թ.-ին Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ ընդունված այլ որոշումների կատարման անհրաժեշտությունը»,– նշել է Նալբանդյանը: