Փոփոխություններ՝ հօգուտ արտահանողների. ԱԺ-ում քննարկվում է «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (ուղիղ)
ԱԺ-ն այսօր կարճատև քննարկման ներկայացրեց կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Հիմնական զեկուցող, տնտեսական զարգացան և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ներկայում արտահանողներին ավելացված արժեքի հարկի վերադարձը ավելի քան 90 օր ուշացնելու դեպում տույժեր են սահմանվում:
Ըստ նրա՝ այդ ժամկետը փոփոխվել է հօգուտ արտահանողների և սահմանվել 30 օր: Ըստ փոխնախարարի՝ սա բարենպաստ փոփոխություն է բիզնես միջավայրի համար:
Հարակից զեկույցով հանդես եկավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, ով նշեց, որ միանշանակ օրենքը խրախուսում է արտահանումը և արտահանող կազմակերպությունների մոտ շրջանառվող միջոցների արագ հետվերադարձ է ապահովում:
Նշենք, որ այսօր քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը, որոնց թվում են «ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ և այլն:
Քվեարկության կդրվի նաև «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: