Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարանի նոր ճնշակայանի նախագիծն արդեն պատրաստ է, շինարարությունը կսկսվի 2020-ին
Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարանի նոր ճնշակայանի նախագիծն արդեն պատրաստ է, իսկ շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսված է 2020 թվականին: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:
Հաղորդվեց նաև, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել ընկերության 2018–2020թթ. ներդրումային ծրագիրը, որի նպատակն է գազափոխադրման և գազաբաշխման համակարգերում ապահովել անխափան, հուսալի և անվտանգ գազամատակարարում՝ անհրաժեշտ միջոցառումների իրականացմանն ուղղված կապիտալ ներդրումների միջոցով:
Ներդրումային ծրագրով, մասնավորապես, նախատեսված է նոր մայրուղային գազատարերի կառուցում, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնում, այդ թվում՝ նոր ճնշակայանի կառուցում:
Հիշեցնենք, որ հունիսին Հայաստան ժամանած Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանում ճնշման նոր կայան կառուցել և նոր գազատարներ Հայաստանի տարածքում, ինչպես նաև վերակառուցել եղած գազատարներն ու ենթակառուցվածքները:
Ինչ վերաբերում է 2018-2020 թթ. ներդրումային ծրագրով նոր բնակավայրերի գազիֆիկացման աշխատանքներին, ապա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի պատասխան գրության մեջ նշվում է, որ նման աշխատանքներ նախատեսված չեն: