ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 11-ի գործով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց, որը դատարանը մերժեց
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու մեջ և մի շարք ծանր հանցագործություններ մեղադրվողներից 11-ի՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի և Թորոս Թորոսյանի քրեական գործով դատական նիստը՝ դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ:
Այսօրվա նիստին ներկայացել էր նոր մեղադրող դատախազ՝ Արամ Արամյանը և մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը:
Դատախազներն իրենց հետ չէին ներկայացրել լիազորագրերի բնօրինակները, իսկ պաշտպանական կողմը պահանջեց, որ դատարանին ներկայացվի ոչ թե պատճեն, այլ բնօրինակ:
Պաշտպանները միջնորդում էին հետաձգել դատական նիստը մինչև դատախազները ներկայացնեն լիազորագիր: Նիստը հետաձգելու միջնորդությունը ներկայացրեց փաստաբան Լուսինե Սահակյանը:
Լիպարիտ Սիմոնյանը, սակայն, բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազներին՝ որպես բացարկի հիմք ներկայացնելով լիազորագիր չներկայացնելը:
Լուսինե Սահակյանի՝ դատական նիստը հետաձգելու միջնորդությունը դատարանը մերժեց, դատախազների բացարկի միջնորդությունը՝ նույնպես:
Այնուհետև պաշտպան Մուշեղ Շուշանյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին: Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը:
Դատախազ Արամ Արամյանն ասաց, որ ներկայացված միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման:
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ և վերադառնալով հայտնեց միջնորդության մերժման մասին: