Մանկապարտեզներում հերթերի պատճառը ծնելիության աճն է. Երևանի ավագանու ՀՀԿ թեկնածու
«Ելք» դաշինքից Երևան քաղաքի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը և Հայաստանի Հանրապետական կուսակցությունից առաջադրված ավագանու թեկնածու Արմինե Հովհաննիսյանը մամուլի ասուլիսին անդրադարձան իրենց նախընտրական ծրագրերում ներկայացված հանրակրթության ոլորտի խնդիրներին:
Արմինե Հովհաննիսյանն ասաց, որ որակյալ կրթությունը զարգացման հիմքն է, և իրենց թիմի բոլոր անդամների համար կրթությունն իր կայուն տեղն ունի:
«Անցած չորս տարիների ընթացքում հավակնոտ ծրագիր դրվեց»,-ասաց նա և հայտարարեց, որ այսօր բոլոր դպրոցները, մանկապարտեզները, գրադարանները ապահովված են ջեռուցմամբ:
Նա նշեց, որ մեծ թվով դպրոցներ և մանկապարտեզներ են վերանորոգվել։ Մասնավորապես՝ մասնակի կամ հիմնովին վերանորոգվել է թվով 140 մանկապարտեզ, անցել են էլեկտրոնային գրանցման:
Արմինե Հովհանիսյանը նշեց, որ ներկայումս մարդկանց կենսակերպը փոխվել է, մեծ մասի ծնողներից երկուսն էլ աշխատում են, և այդ պատճառով էլ առաջացել է մանկապարտեզների հերթերի խնդիրը:
«Քսան տարի առաջ կային մանկապարտեզներ, որոնք դատարկ էին»,-ասաց նա և նշեց, որ հերթերի առաջացման մյուս պատճառը ծնելիության աճն է, և այսօր ավելի շատ են բազմազավակ ընտանիքները:
«Մեր այս ընտրություններին ներկայացրած ծրագիրը նախորդ ծրագրի շարունակությունն է»,-ասաց նա և նշեց, որ շարունակվելու է նախադպրոցական հիմնարկների վերանորոգումը, նոր տեխնոլոգիաներով ապահովումը։
Անահիտ Բախշյանն էլ ասաց, որ իրենց ծրագրում հստակ գրված է, որ պետք է ստեղծվի ժամանակավոր հանձնաժողով՝ ուսումնասիրելու կրթական հաստատությունների ղեկավարների կողմից ընտրական պրոցեսին ապօրինի միջամտության մասին ահազանգերը, քանի որ նրանց օրենքն արգելում է քաղաքական քարոզչություն կատարել աշխատանքի ժամերին:
«Էլեկտրոնային տարբերակով մանկապարտեզների հերթագրումներն իմ առաջարկն է եղել, բայց մինչև վերջ այն չի իրականացվել, քանի որ դրանք պետք է դրվեն կայքում, և ծնողը կարողանա իր երեխայի հերթագրման առաջխաղացումը տեսնի»,-ասաց նա և հայտնեց, որ երկու տարի է, ինչ ինքը ցանկանում է, որ այդ ցանկը իրեն տրամադրեն, և ավագանու անդամ լինելով հանդերձ՝ իրեն մերժում են:
«Կրթության ոլորտը պետք է ապաքաղաքականացվի»,-հավելեց նա:
Չնայած Արմինե Հովհաննիսյանը նշեց, որ այս քաղաքային իշխանության ժամանակ ոչ մի մանկապարտեզ չի օտարվել, Անահիտ Բախշյանը երկու նման օրինակ բերեց, երբ մանկապարտեզները լուծարվել են, և շենքն օտարվել է։