Չեչնիայում գրոհայինները հարձակվել են ՌԴ ազգային գվարդիայի բազայի վրա, զոհվել է 6 զինծառայող
Չեչնիայի Հանրապետությունում ահաբեկիչները հարձակվել են Ռուսաստանի ազգային գվարդիայի զորամասի վրա: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դեպքը տեղի է ունեցել գիշերը մոտ 2:30-ին: Վեց մարդ փորձել է ներխուժել զորամաս: Զորախումբը հայտնաբերել է հանցախմբին և կռվի մեջ մտել նրա հետ:
Նշվում է, որ բախման ընթացքում հանցախմբի բոլոր անդամները չեզոքացվել են: Նրանց մոտ հայտնաբերվել է զենք-զինամթերք, իսկ նրանցից երկուսի մարմիններին՝ մահապարտի գոտիների նմանությամբ առարկաներ:
Ավելի վաղ ուժային կառույցներում աղբյուրը հայտնել է, որ հարձակվողներն ահաբեկիչ մահապարտներ են եղել: Նշվում է, որ ահաբեկիչների ոչնչացման գործողության ակտիվ փուլն ավարտված է:
Հայտնի է դարձել, որ հարձակման հետևանքով զոհվել է Ազգային գվարդիայի վեց զինվորական, կան վիրավորներ:
Հանգամանքները պարզելու համար Չեչնիա է ուղարկվել Ռուսաստանի ազգային գվարդիայի զորքերի կենտրոնական մարմնի օպերատիվ խումբը: