Պոեզիայից մեջբերումները քաղաքական միտքն ավելի ազդեցիկ են դարձնում. Տաճատ Վարդապետյան
Ժամանակների ընթացքը ցույց է տալիս, պոեզիայից մեջբերումները քաղաքական միտքն ավելի ազդեցիկ են դարձնում: Գուցե ոմանք ծաղրով են վերաբերում դրան, բայց քաղաքական բառապաշարում պոեզիան դրական ազդեցություն ունի:
Այս մասին պոեզիայի միջազգային օրվա կապակցությամբ Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ի համամասնական ցուցակում պատգամավորության թեկնածու Տաճատ Վարդապետյանը:
«Ժամանակակից քաղաքական լեքսիկոնում շատ է կիրառվում այդ տարբերակը, մեջբերումները մեծերի խոսքերից ավելի ազդեցիկ են դարձնում քաղաքական միտքը: Բոլոր դեպքերում, պոեզիան բուժիչ առաքելություն ունի, հետո նաև մարդկային հոգին է ախտահանում, որի կարիքը բոլորն ունեն»,-ասաց Վարդապետյանը:
Հարցին, թե հայ հասարակությունն առավել քաղաքականացվա՞ծ է, թե՞ արվեստասեր, մշակութասեր, Տաճատ Վարդապետյանը պատասխանեց, որ դա էլ սահմաններ չունի:
«Այն, որ հայերը մշակութասեր, արվեստասեր են, պոետիկ ժողովուրդ ենք, դա ակնհայտ է, մենք վերջապես Նարեկացու, Տերյանի, Թումանյանի համերկրացիներն ենք, և այս առումով պոեզիան ավելի աշխարհահռչակ է, ներկայանալի է, քան արձակը»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ վերը նշված հայ մեծանունները եթե մեկ այլ մեծ ազգի ներկայացուցիչներ լինեին, որոնք մոլորակի քաղաքականությունն են թելադրում, ապա ավելի ճանաչված կլինեին:
Պատգամավորը մտավախություն ունի, որ ժամանակին համընթաց կնվազի հետաքրքրասիրությունը պոեզիայի նկատմամբ. «Ես չեմ ուզում, որ համացանցը գա և փոխարինի պոեզիային, չնայած դրան էլ իրենց դերն ունեն, բայց պոեզիային չպետք է խանգարեն: Սևակն ասում էր՝ այն ինչ կոչվում է գրականություն, դեսպանատուն չէ, որ զգաս, խորհես, մտածես մի բան և այլ բան ասես: Ամեն դեպքում, շիտակ խոսքը, դա պոեզիայի միջոցով կարելի Է ասել»: