Սիրիայի նկատմամբ ԵՄ-ի սխալ քաղաքականությունը հանգեցրել է ահաբեկչության տարածմանը. Ասադ
Արևմուտքում ահաբեկչությունների ալիքը «հետևանքն է Սիրիայի և Մերձավոր Արևելքի նկատմամբ մի շարք եվրոպական երկրների սխալ քաղաքականության»:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման կարծիք է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, որը Դամասկոսում հանդիպել է Եվրախորհրդարանի` արտաքին գործերով հանձնաժողովի փոխնախագահ Խավիեր Կոուսոյի ղեկավարած պատվիրակության հետ:
Ինչպես Ասադն ընդգծել է՝ «Եվրոպան, որը անարդարացի պատժամիջոցներ է կիրառել Դամասկոսի դեմ, այսօր քաղում է Սիրիայում ահաբեկիչների հովանավորչության պտուղները»: Նրա խոսքով`փախստականների զանգվածային վերաբնակեցումը ԵՄ երկրներում նույնպես այդ սխալ քաղաքականության հետևանքն է:
Սիրիացի առաջնորդը եվրոպացի խորհրդարանականների հաճախակի այցերը Դամասկոս գնահատել է որպես Արևմուտքում հասարակական զարթոնքի նշան:
Հիշեցնենք, որ նախօրեին չինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում սիրիացի առաջնորդը Ռուսաստանն անվանել է միակ լուրջ ուժը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում: