Եվրոպայում առցանց վաճառքին խափանումներ են սպառնում՝ ԵՄ-ի նոր նախաձեռնության պատճառով. Visa
Եվրամիության նոր նախաձեռնությունը, որը գնորդներից պահանջում է անվտանգության լրացուցիչ ստուգում անցնել համացանցում գնումներ կատարելիս, սուր քննադատության է արժանացել Visa-ի և մի շարք այլ վճարային համակարգերի կողմից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Խարդախության դեմ պայքարին ուղղված Բանկային հսկողության եվրոպական ծառայության պլանների համաձայն՝ գնորդները պարտավոր են լինելու 10 եվրոյի արժեքը գերազանցող գործարքի իրականացման դեպքում գաղտնաբառ կամ հատուկ կոդ ներմուծել:
Ինչպես հայտարարել է կարգավորիչը, նա փորձում է հավասարակշռություն գտնել հարմարության և անվտանգության միջև: Սակայն Visa վճարային համակարգը ենթադրում է, որ այդ պլանների ներդրումն աղետով է սպառնում: Իրենց մտահոգությունն են հայտնել նաև բանկերը և առցանց ռիթեյլերները:
Նրանք նախազգուշացնում են, որ գնորդները կբախվեն լուրջ խափանումների, հատկապես՝ լարված ժամանակահատվածներում: Ինչպես ենթադրում են փորձագետները, Եվրամիության նախաձեռնությունն անհնարին կդարձնի օգտատերերի շրջանում տարածված «մեկ քլիքով» գնումները։