Այս փուլում անհնար է առաջընթաց սպասել ԼՂ բանակցություններում, քանի դեռ կա պատերազմի վերսկսման սպառնալիք․ Շ․ Քոչարյան
Երբեք հայկական կողմերը չեն խուսափել հանդիպումներից, միակ ակնկալիքը, որ եղել է, այն է, որ այդ հանդիպումները պետք է լինեն արդյունավետ․ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ խոսելով Ադրբեջանի այն հայտարարությունների մասին, ըստ որոնց, հայկական կողմն է խուսափում բանակցություններից:
«Իսկ արդյունավետությունը կարող ենք դատել այն տեսանկյունից, որ առ այսօր առաջընթաց բանակցային գործընթացում չկա: Ավելին՝ ներկա փուլում անհնարին է սպասել առաջընթաց, քանի դեռ չեն իրականացվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները»,- ասաց նա:
Ըստ Շավարշ Քոչարյանի՝ անհնար է ակնկալել առաջընթաց բանակցություններում, քանի դեռ կա պատերազմի վերսկսման սպառնալիք, քանի դեռ կողմերի միջև չկա վստահություն, քանի դեռ կրակում են և շփման գծում սադրանքներ են կազմակերպվում:
«Սա այն իրողությունն է, որ Ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում արձանագրվել էր: Առաջին հերթին այդ ուղղությամբ պետք է տարվեն բանակցությունները, որպեսզի կրակի դադարեցման անժամկետ ռեժիմը կյանքի կոչվի»,- ասաց փոխարտգործնախարարը:
Նա նաև հիշեցրեց, որ Վիեննայում քննարկված հետաքննության մեխանիզմների ներդրումը նորություն չէ, Ադրբեջանի միջազգային պարտավորվածությունն է դեռևս 1995 թվականից:
«Որովհետև ցանկացած զինադադար պետք է պարունակի իր մեջ այդ տարրը»,- նկատեց Շավարշ Քոչարյանը՝ հավելելով,- Պատահական չէ, որ 1995 թվականին դա ամրագրված էր, այլ բան է, որ այդ ժամանակից մինչ այսօր, նույնիսկ Վիեննայի պայմանավորվածություններից հետո ադրբեջանական կողմը փորձում է դա տորպեդահարել դա»: