Օքլահոմայի բնակիչները երկրաշարժերի պատճառով դատական հայց են ներկայացրել 27 նավթային ընկերության դեմ
ԱՄՆ Օքլահոմա նահանգի Փոունի քաղաքի բնակիչները դատական հայց են ներկայացրել 27 նավթային ընկերության դեմ՝ դրանց մեղադրով վերջերս տեղի ունեցած երկրաշարժերի համար:
Ինչպես հայտնում է Associated Press-ը, բնակիչների պնդմամբ՝ նավթի ու բնական գազի արդյունահանման հետևանքով գոյացած կեղտաջրերը դարձել են իրենց բնակավայրում ստորգետնյա ուժեղ ցնցումների առաջացման պատճառ:
Ներկայացված հայցում նշվում է, որ ընկերությունները շարունակել են գետնի տակ կուտակել կեղտաջրերը՝ լավ իմանալով երկրաշարժերի վտանգի առկայության մասին:
Աղբյուրը մանրամասնում է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին մոտ 2.200 բնակչություն ունեցող քաղաքում տեղի է ունեցել 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որին հաջորդել է ևս 52 ստորգետնյա ցնցում: Մինչդեռ նոյեմբերի 6-ին տեղի ունեցած 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը վնասել է տասնյակ շինություններ:
Նշվում է նաև, որ հայցվոր կողմի՝ փոխհատուցման համար պահանջած գումարի չափը հայտնի չէ: