Հայտնի են Մեսսիի ու Մանչեսթեր Սիթիի ներկայացուցչի միջև վեճի մանրամասները
Հայտնի են դարձել կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցչի միջև վեճի մանրամասները Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումից հետո:
«Քաղաքայինները» հաղթել են 3:1 հաշվով, ու «Էթիհադի» թունելում «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը վիրավորանքների է արժանացել մրցակցի ֆուտբոլիստների կողմից:
«Marca»-ի համաձայն` իրականում արգենտինացին բարկացած էր ու ոչ պարկեշտ խոսքերով դիմել էր մոտակայքում գտնվող Միկել Արտետային, ով «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի օգնականն է:
Իսպանացին զարմացել է ու, չվիրավորելով Մեսսիին, խորհուրդ է տվել նրան հեռանալ հանդերձարան: Դրանից հետո նրանց միջև լեզվակռիվ է սկսվել, ու միայն այլ ֆուտբոլիստների միջամտության շնորհիվ է այն դադարել:
Մեսսին հրաժարվում է այդ առիթով մեկնաբանություններից: