Հայրենասիրությո՞ւն, թե՞ խաղաղություն
Սրիկայի վերջին հանգրվանը փնտրելիս. հայրենասիրությունը պատերազմ է
Ի՞նչ է հայրենասիրությունը. այս հարցին հաջողակները երբեք չեն պատասխանի, նրանց խելքը կբավականացնի, որ ջրեն հարցը կամ նենգաբար հարցին հարցով պատասխանեն՝ իսկ ի՞նչ է մայր, զավակ, հա՜յ տուն, հա՜յ երկիր, հա՜յ Աստված: Իսկ անհաջողակները բլբուլ կկտրեն և պատասխանի փոխարեն քեզ թուքումրի մեջ կկորցնեն. թու՜, ու գնաց դպրոցական թեմատիկ շարադրությունը, թե կարող ես՝ դիմացիր հայրենասիրական ծեքծեքուն քնարին: Դիմանալու չէ: Մնում է, հանդուրժողականություն հայցել բոլոր հաջողակներից ու անհաջողակներից և ուղիղ պատասխանել հարցին՝ հայրենասիրությունը պատերազմ է: Եվ պետք չէ ցնցվել իմ այս ձևակերպումից. ես փորձում եմ կոնկրետացնել, թե որտեղ է սրիկայի վերջին հանգրվանը: Ընտրեք՝ խաղաղությո՞ւն, թե՞ հայրենասիրություն:
Ընտրեք՝ կարդալով հայրենասիրական լավագույն մանիֆեստը. Ադոլֆ Հիտլեր «Իմ պայքարը»: Ֆյուրերից բարձր «պրոբի» հայրենասեր չփորձեք խաղալ՝ մարդը հիվանդանոցում տեղում կուրացավ, երբ նրան հայտնեցին Գերմանիայի պարտության լուրը:
Ընտրեք՝ ուսումնասիրելով կրծողների, երկկճղակավորների, սնամեջ եղջերավորների և, հատկապես, անողնաշարավորների կյանքի մանրամասները, որոնք աչք չեն բացում պատերազմներից իրենց հոտային, բնազդային հակումների պատճառով, քանի որ տառապում են իրենց բացառիկության սինդրոմով: Եվ հենց ցեղական էգոիզմի, այլ կերպ՝ հայրենասիրության բարդույթն է հանգեցնում «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» կենսաձևին:
Ընտրեք՝ փնտրելով տասը տարբերություն հայրենասիրության, քսենոֆոբիայի և շովինիզմի միջև: Մեծ արյունահեղությունները, ահաբեկչությունները, մարդու և պետության մակարդակով կատարվող հանցագործությունների զգալի մասը գալիս է հենց հայրենասիրության անունից: Քերիր գողական աշխարհի ցանկացած անդամի և նրա տակից կհառնի երդվյալ հայրենասերը: Մի մոռացեք երբեք՝ մեր նորագույն պատմության մեջ ամենահայրենասիրական ելույթը երկրի օրենսդիր մարմնում հնչեցրել է հենց Նաիրի Հունանյանը՝ իր «ռոմանտիկ» քայլը կատարելուց առաջ:
Ընտրեք՝ այն հաստատ համոզմամբ, որ ճիշտ և սխալ, լավ ու վատ հայրենասիրություն չի լինում. ինչպես չի լինում լավ անբարոյականություն կամ ճիշտ հիմարություն: Եթե պնդեք, որ լինում է, ուրեմն բարի եղեք ցնծալ, որ այս պահին Հալեպը գնդակոծում են, իսկ Երևանը՝ ոչ. երբ այնտեղ երեխաներ են մեռնում, բայց դրանք քո երեխաները չեն: Իսկական հայրենասերը ողբում է բացառապես հայազգի երեխաների համար, նա ոչ մի կաթիլ արցունք չունի այլազգի երեխաների համար: Հայրենասիրությունն այն ստոր ու վտանգավոր համոզմունքն է, որ քո հայրենիքը, քո ցեղակիցները, քո քիթումռութը բոլորից լավն է և այստեղ է, որ փակվում է քրիստոնեական արժեհամակարգի մասին ցանկացած զրույց: Ուր մնաց, թե խոսքը հասնի «Սիրիր թշնամուդ» աստվածային ճշմարտությանը:
Ընտրեք՝ հիշելով, որ Ձեզ ստորաբար խաբել են` թե դուք կազմված եք ձեր ընդունած սննդից կամ ձեր գլուխը լցված տեղեկատվական հոսքերից. մարդ ու երկիր հենց իրենց կատարած ընտրության արդյունք են. ինչ ընտրես, այն էլ կունենաս: Եվ մի վախեցեք մեծամասնության կարծիքից. հայրենասիրական ճառասանությունը մասնագիտություն չունեցող մարդկանց կամ անպետք մասնագետների վտանգավոր զբաղմունքն է: Մի վախեցեք, որովհետև այսօր արդեն մեծամասնությանը ոչ ասող, զանգվածային սպեկուլյատիվ հարահոսին չտրվող մարդը գտածո է ամբողջ աշխարհում. այսօրվա քաղաքակրթությունը անհատականի և համայնականի հավերժ հակամարտությունը լուծել է առաջինի օգտին. նոր ժամանակի ամենասիրելի երեխաները հենց նրանք են, ում զանգվածային միտքն ու ճաշակը դեռ երեկ անկյուն էր կանգնեցնում: Այնպես որ, ընտրեք խաղաղությունը, դուք ձեր հայրենիքի վերջին կտորտանքը հայրենասիրությանը հանձնելու իրավունք չունեք:
Հայրենասերներ բոլոր երկրների, միացեք
Իսկ այժմ միանգամից երկու լուր. մեկը՝ լավ, մյուսը՝վատ: Սկսենք լավից. պարզվում է, մեր երևելի քաղաքագետներն իզուր են տրտնջում, թե մեր պետությունը չունի գաղափարական արժեհամակարգ: Պարզվում է՝ ունի: Իսկ հիմա գույժ. այդ արժեհամակարգը հենց հայրենասիրությունն է: Ընդ որում, սա բնավ էլ քաղաքական մտքի տեղական արտադրողների խելքի հունարը չի. բոլոր ճանապարհները տանում են հին Հռոմ: Հին աշխարհում նույնիսկ կռվազան ու կամակոր աստվածների պանթեոնն իրար միս կուտեր, եթե համարձակվեին նրանցից մեկին իջեցնել հայրենասիրության իր պատվանդանից: Իհարկե, եթե չլիներ մեր այս ռեինկարնացիան, հների երկարաբան, խուճուճ շարադրանքից մենք երբեք գլխի չէինք ընկնի, թե, օրինակ՝ քաղաքային պլեբսն ինչպես էր համատեղում ուռա-հայրենասիրական իդեոլոգիան ընտրական ձայնի աշխույժ առևտրի հետ: Հայրենասիրությունը հենց այն խթանիչ սոուսն էր, որի գործուն օժանդակությամբ կուլ կտայիր անմարսելին՝ ուզածդ մարդուն, ժողովուրդներ ու հայրենիքներ: Հենց հայրենասիրության տենդն է սպասարկել բոլոր պատերազմներն ու հեղափոխությունները՝ թավալվելով միլիոնավորների անմեղ արյան մեջ: Եվ զանգվածային միտքը դարեր անց է միայն հասկանում, որ հայրենասիրություն կոչվածը ոչ միայն այդ արյունահեղությունների թմբուկն ու դրոշը, նյութն ու ոգին էր, այլև՝ հարազատ ծնողը: Եթե դու հայրենասիրական քամի ես անում, հիշիր, դու մինուճար չես և պատրաստվիր դիմավորել այլ հայրենասերների փչած փոթորիկներին: Միայն հիմա է Իռլանդիան կռահում, որ Ջեյմս Ջոյսը խաղաղություն էր շշնջում նրա ականջին, երբ ասում էր. «Ես չեմ մեռնելու Իռլանդիայի համար, թող Իռլանդիան մեռնի ինձ համար»:
Իզուր ենք կարծում, որ Սովետական Միությունը մի երևելի գաղափարաբանական արժեհամակարգ ուներ: Այնտեղ, ուր Աստծունը Աստծուն չեն տալիս, ամբողջը մնում է կեսարին: Սովետը նույնպես կառավարվում էր բացառապես հռոմեական հայրենասիրության դիկտատով: 37 թվականն այս երկրի պատմության ամենաամոթալի էջը չէ. 70 տարիներից յուրաքանչյուրն ուներ իր բաժին 37 թիվը: Սովետի «պատվո դատարանները» հայտնաբերում և քրեական պատժի էին ենթարկում հակահայրենասերներին: Նույն 50-ականներին սկիզբ դրվեց քաղաքական մի արշավի, որը հենց այդպես էլ կոչվում էր՝ «Պայքար հակահայրենասերների դեմ»: Սա, անշուշտ, լուծեց երկրի գլխավոր խնդիրը. կոսմոպոլիտ մտավոր ընտրախավի հերթական սերուցքը նետվեց բանտերը և հրապարակը մնաց կեղտոտ իմպերիալիզմը ծանակող հայրենասեր ծերակույտին: Այնպես որ, երկրի տերերի անձնական թշնամին միշտ չէ, որ հայրենիքիդ իրական թշնամին է, և մնում է երկար մտածել, երբ հայրենասիրության դասերի ընթացքում թշնամու նոր կերպար է մատուցվում:
Ես չեմ մեռնելու Հայաստանի համար…
Ընդհանրապես, որ կոորդինատից էլ նայենք, հայրենասիրությունը հեռավոր անցյալն է, հինը: Իսկ ցանկացած ընտրություն կամ հօգուտ անցյալի է կամ՝ ապագայի: Դեպի անցյալ, այսինքն՝ հայրենասիրությանը վերադառնալը խիստ գայթակղիչ է՝ կայուն ու հարմարավետ տեղավորվում ես հին էշիդ քամակին և սլանում հարազատ հանդամասերովդ: Եվ քանի դեռ դիմացի սարից մեկը էշիդ չու չի ասել, բարեբախտաբար, Նյու-Յորքն ու Փարիզն էլ դեռ չես տեսել կատարյալ հայրենասեր ես՝ տասը սար էն կողմ էլ ոչ մի իգիթ քեզ պես հինավուրց էշ ու հանդամաս չունի: Իհարկե, անցյալը թողած ապագան ընտրելն ահագին զոռ գործ է. ապագան տագնապ, անորոշություն և անկայունություն է: Բայց սա է մեր ընտրությունը, եթե , իհարկե, ուզում ենք զարգանալ:
Այսօր արդեն պետությունները, ազգային մշակույթները մրցակցում են ոչ թե միմյանց, այլ նոր գլոբալ տարածության ցանցերի հետ. անգամ քաղաքակրթական նոր առաջնորդության պայմաններում կայսրությունների իմաստն է կորում, որովհետև քաղաքական ինքնորոշում ստացած երանելի հովիտներն այլևս չեն ենթարկվում աշխարհն իրենց բուռը հավաքած տիրաններին: Ինքնորոշվել է գիտելիքը, գաղափարը, միտքը՝ ահա ինչ է պատահել աշխարհում: Եվ այսօր, քան երբևէ, չկա ավելի ծիծաղելի բան, քան հայրենասիրության քարոզը:
Ձեր հայրենիքը չի կարող լինել ամենահզորն ու անպարտելին, միայն նրա համար, որ դուք այնտեղ եք ծնվել:
Հավաքեք այդ քարոզը մեր դպրոցներից. հայրենասիրության քարոզիչները հենց երեխաներին են համարում իրենց առաջին թիրախը:
Հավաքեք հայրենասիրական թմբուկ պաստառները փողոցների ու հրապարակների վրայից. դեռ ոչ մի մահկանացուի և ոչ մի քարոզչական հնարանքով հնարավոր չի եղել սեր պարտադրել:
Խլեք խոսքը նրանց բերանից, ովքեր հայրենասիրության մասին ամենավարժն են խոսում և տեղում պահանջեք նրանց փաստաթղթերը. ամենապերճախոս հայրենասերները քրեական տարրերն են, անհայրենիք փախստականներն ու վարձկանները:
Հիշեք, այնտեղ, ուր խոսում են հայրենասիրության մասին՝ զարտուղի ճանապարհով պատերազմ են քարոզում: Հալածեք նրանց, որովհետև նրանք ձեր հայրենիքի ու որդիների մահն են գուժում: Ես չեմ մեռնելու Հայաստանի համար….
ՎԱՐԴուհի Սիմոնյան