62 սիրիացի զինվորի մահվան պատճառ դարձած ԱՄՆ-ի օդային գործողությանը մասնակցել է նաև Մեծ Բրիտանիան
62 սիրիացի զինվորի մահվան պատճառ դարձած ԱՄՆ-ի օդային գործողությանը մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի օդային ուժերը:
Տեղեկությունը հաստատել է Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն՝ twitter-ի իր պաշտոնական էջի միջոցով:
Ավելի վաղ Դանիայի թագավորության զինված ուժերի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Դանիայի ռազմաօդային ուժերի F-16 երկու կործանիչ մասնակցել է Դեր Զոր քաղաքի շրջանում սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ հարվածներ հասցնելուն:
«Դանիական 2 F-16-երը մասնակցել են այդ հարձակումներին՝ այլ երկրների ինքնաթիռների հետ միասին: Հարվածներն անմիջապես դադարեցվել են, երբ ռուսները հայտնել են սիրիացի զինվորականների դիրքերին հարվածելու մասին»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ եպտեմբերի 17-ին 62 սիրիացի զինվոր զոհ դարձան ԱՄՆ ԶՈՒ-ի կողմից հասցված օդային հարվածների՝ Դեր Զորի ռազմական օդակայանի տարածքում: Պենտագոնը հայտարարել էր, որ իրենք գործել են ԻՊ-ի դեմ և Ասադի զորքերի վրա հարձակումը սխալմունք էր:
Նշենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով:
Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ-ից հատուկջոկատայիններ են ժամանել սիրիական Ռաի շրջան` ԻՊ-ի երկրորդ «մայրաքաղաք» համարվող Էլ Բաբը թուրքական ԶՈՒ-ի հետ ազատագրելու նպատակով: