Ճապոնիայի հյուսիս-արևելքի մոտ 7.000 բնակիչ տարհանման հրահանգ է ստացել թայֆունի պատճառով
Ճապոնիայի հյուսիս-արևելքում բնակվող մոտ 7 հազար մարդ տարհանման մասին հրահանգ է ստացել՝ «Լայոնրոք» թայֆունի մոտենալու պատճառով, գրում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ տարհանման է ենթակա 2.170 տան բնակիչ կամ 5.070 մարդ Աոմորի պրեֆեկտուրայում, ինչպես նաև 1.887 մարդ՝ Միյագի պրեֆեկտուրայում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Լայոնրոք» թայֆունը խախտել է երկաթուղային տրանսպորտի աշխատանքը և Հոկայդոյի հետ օդային հաղորդակցությունը: Չեղյալ է հայտարարվել մոտ 110 չվերթ, դադարեցվել է Ճապոնիայի մնացած հատվածի հետ կղզին կապող 20 արագընթաց գնացքների երթևեկությունը:
Հաղորդվում է, որ թայֆունն առաջացել է մեկ շաբաթ առաջ՝ Խաղաղ օվկիանոսում: Քամու արագությունը վայրկյանում 35 մետր է: