Մարզպետը տեղյակ չէ, որ Գեղարքունիքում կարկուտ է տեղացել, գյուղապետը վնասի փոխհատուցման հաշվարկներ է արել
Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունում, այսօր տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 6-ին` ժամը 22.00-ից մինչև 23.00-ի սահմաններում, տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի կարտոֆիլի և հացահատիկի ցանքատարածություններ:
Կարկտահարության հետևանքների մասին տեղեկություններ ստանալու համար Tert.am-ը կապ հաստատեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ, սակայն վերջինս ասաց, որ մարզում ցանքատարածություններին վնաս հասցնող կարկուտ տեղացել է տևական ժամանակ առաջ.«Կարկտահարություն մեզ մոտ վերջին ժամանակներս չի եղել: Վերջին ամենամեծ կարկուտը եղել է Կատվաջրի կարկուտը, դա արդեն անցողիկ է, հաշվարկները ներկայացվել են: Կարկտահարություն, որը վնաս պատճառած լինի, մենք չունենք»:
Ի տարբերություն մարզպետի` Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանն էլ ասաց, որ հուլիսի 6-ին տեղացած կարկուտի հետևանքով բացի հացահատիկային և կարտոֆիլի ցանքատարածություններից, վնասվել են նաև խոտհարքերը.«Այսօր ԱԻՆ-ի հետ հաշվարկներ են արվել: Գյուղատնտեսությունը վնաս է կրել, հաշվարկները պետք է արվեն մինչև երկուշաբթի, որպեսզի վնասի փոխատուցում պահանջվի»:
Նշենք, որ ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է, որ դեպքի վայր է մեկնել Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի բնապահպանության վարչության պետին և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:
Պարզվել է, որ Քարաձի կոչվող հանդամասում կարկուտի հետևանքով վնասվել են մոտ 13 հա հացահատիկային կուլտուրայի և մոտ 2 հա կարտոֆիլի ցանքատարածություններ:
Նշված տարածքը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի պաշտպանվում: