Ադրբեջանն անկանխատեսելի է. Արծրուն Հովհաննիսյանը սահմանում հնարավոր լարումների մասին
Սարգսյան-Ալիև սպասվող հանդիպմանը նախորդում են քաղաքագետների կանխատեսումները հայ-ադրբեջանական, ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հնարավոր լարումների, պատերազմի մասին։
Սանկտ Պետերբուրգում սպասվող հանդիպումից առաջ էլ նման կանխատեսումներ եղան. քաղաքագետներից Հրանտ Մելիք -Շահնազարյանն է խոսել հնարավոր լարման մասին՝ ասելով, որ Ադրբեջանը նախապատրաստում է նոր ակտիվացում Արցախի սահմանում։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանըԿովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ևս չժխտեց, որ հնարավոր են նոր ռազմական լարումներ։ «Չեմ կարծում, որ հենց նախագահների հանդիպումը դրա վրա կազդի։ Բայց Ադրբեջանն ունի իր օրակարգը, որը նշանակում է սահմանում բռնություն»,– ասաց նա՝ նշելով, թե չի կարող կանխատեսել, թե երբ կլինի Ադրբեջանի կողմից հերթական լարումը։
Tert.am-ը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրունի Հովհաննիսյանից փորձեց պարզել՝ արդյո՞ք հայ-ադրբեջանական սահմանում ադրբեջանական զորքերի կողմից տեղաշարժ նկատվում է, լարվածության հավանականություն կա՞. «Այս պահին հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն չի նկատվում, համեմատաբար հանգիստ է։ Չեմ կարող ասել՝ ի՞նչ կլինի առաջիկայում` նախագահների հանդիպման օրերին։ Ադրբեջանը շատ անկանխատեսելի է, ամեն ինչ հնարավոր է։ Այսքան ժամանակ նա ապացուցել է իր անկանխատեսելիությունը, բայց այս օրերին կարող եմ ասել, որ սահմանում համեմատաբար հանգիստ է»,– ասաց Արծրուն Հովհաննիսյանը։