4+4+4 քննարկումները կշարունակվեն. ըստ Դավիթ Հարությունյանի՝ վերջնական համաձայնություն դեռ չկա
Բովանդակային որոշ հարցեր քննարկեցինք, սակայն ի սկզբանե մի շարք հարցերի վերաբերյալ համաձայնության չեկանք, անցանք առաջ: Այս մասին այսօր շուրջ երեք ժամ տևած 4+4+4 ձևաչափով քննարկումից հետո ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը:
«Վերջնական համաձայնություն չկա, մենք դեռևս տեսակետներ փոխանակեցինք՝ տեսանկարահանման, մատների թանաքոտման, մատնահետքերի հնարավոր օգտագործման վերաբերյալ»,-ասաց նա և նշեց, որ զիջման մասին խոսք լինել չի կարող, քանի որ փորձում են ձևավորել ընդհանուր տեսակետներ:
Մասնավորապես տեսանկարահանման հարցի վերաբերյալ՝ Դավիթ Հարությունյանն ասաց. «Մենք ունենք տարբեր մոտեցումներ, չենք համարում դա շատ կարևոր գործիք»:
Նա նշեց, որ իրենք այդ հարցում սկզբունքային առարկություն չունեն՝ պայմանով, որ խոսքը չի գնում օնլայն նկարահանման մասին, այլ պարզապես նկարահանման, որպեսզի ընտրություններից հետո ցանկացած կուսակցության պահանջով տրամադրվեն պատճեններ: Նա նշեց, որ պետությունը այդ պարտավորությունն իր վրա չի վերցնելու:
«Մենք փորձել ենք ինչ-որ մերձեցման գնալ: Մատների թանաքոտումը մենք համարում ենք անընդունելի և համարում ենք, որ դա բերելու է ավելի շատ անորոշությունների, ավելի շատ կարող է մթագնել ընդհանուր իրավիճակը, քան օգուտ տալ»,-ասաց նա և նշեց, որ ներկայացրել են տարբեր երկրների օրինակներ, որտեղ աշխատել է վատ, և դա պիտանի գործիք չեն համարում:
Դավիթ Հարությունյանը նկատեց, որ հնարավոր չէ ամբողջ երկրի տարածքում որակյալ տեսանկարահանում ապահովել:
Քննարկման արդյունքների մասին նա ասաց. «Պարբերաբար կրքերը բորբոքվում էին, բայց կարծես թե վատ չէ, որ մենք ի վերջո գտնում էինք մեր մեջ ուժ և կամք շարունակելու քննարկումը»,-ասաց նա և հայտնեց, մյուս հանդիպումը կլինի ուրբաթ օրը՝ ժամը վեցին: