Պորտուգալիայի նախագահն առաջարկել է փոխհատուցում վճարել գաղութատիրության ժամանակաշրջանի համար, սակայն կառավարությունը հրաժարվել է
Պորտուգալիայի կառավարությունը մերժել է երկրի նախագահի առաջարկներն առ այն, որ պետք է գումար փոխհատուցել ստրկության և գաղութատիրության ժամանակաշրջանի այլ հանցագործությունների համար: Կառավարությունը հայտարարել է, ո որ փոխհատուցման ծրագրեր չունի և փոխարենը կենտրոնանալու է միջազգային համագործակցության խորացման վրա՝ «հիմնված եղբայրական ժողովուրդների հաշտեցման վրա»:
Ինչպես գրում է The Guardian-ը, այս արշավի մասնակիցները տևական ժամանակ դիմել են Պորտուգալիային՝ խնդրելով անդրադառնալ իր ժառանգությանը որպես ստրկավաճառության մեջ ամենաերկար պատմական ներգրավվածություն ունեցող եվրոպական երկիր: 15-րդ և 19-րդ դարերի ընթացքում մոտ վեց միլիոն աֆրիկացի առևանգվել և բռնի կերպով պորտուգալական նավերով տեղափոխվել է այլ տարածքներ: Նրանք, ովքեր ողջ են մնացել ճանապարհորդությունից հետո, ստրկացվել են և ստիպված են եղել աշխատել Ամերիկա մայրցամաքի պլանտացիաներում, հիմնականում Բրազիլիայում, մինչդեռ Պորտուգալիան օգուտ է քաղել նրանց աշխատանքից:
Երեքշաբթի Պորտուգալիայի նախագահ Մարսելո Ռեբելո դե Սոզան հայտարարել էր, որ երկիրը «լիարժեք պատասխանատվություն է վերցնում» անցյալի սխալների համար՝ հավելելով, որ երկրի հանցագործությունները, ներառյալ գաղութային ջարդերը, իրենց գինն ունեն:
«Մենք պետք է վճարենք այդ գինը: Կա՞ն գործողություններ, որոնք չեն պատժվել, կա՞ն մեղավորներ, որ չեն ձերբակալվել։ Կա՞ն ապրանքներ, որոնք թալանվել են և չեն վերադարձվել։ Տեսնենք, թե ինչպես կարող ենք դա փոխհատուցել»:
Շաբաթ օրը Ռեբելո դե Սոզան նշել է, որ փոխհատուցումները կարող են իրականացվել նախկին գաղութների պարտքերը չեղարկելու կամ վարկային գծերի, ֆինանսական փաթեթների կամ համագործակցության հատուկ ծրագրերի ներդրման միջոցով:
Երկիրը, հավելել է նա, պետք է «պատասխանատվություն ստանձնի կայսրությունում տեղի ունեցած վատի և լավի համար և հետևանքներ կրի»: Բայց նրա կոչը մերժվել է Պորտուգալիայի նոր, աջ կենտրոնամետ կոալիցիոն կառավարության կողմից: