«Վագներ»-ը 1 ամսով դադարեցրել է մարտիկների հավաքագրումը
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը ժամանակավորապես դադարեցնում է ռազմական անձնակազմի՝ մարզերում գործող համալրման կենտրոնների աշխատանքը: Այս մասին ասվում է ««Վագներ» ՄՌԸ. աշխատանքի հայտարարություններ» թելեգրամյան ալիքում։
«Մենք 1 ամսով դադարեցնում ենք «Վագներ» ՄՌԸ-ի մարզային հավաքագրման կենտրոնների աշխատանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Որոշումը կայացվել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը «Վագներ»-ի ժամանակավոր չմասնակցելու և Բելառուսի տեղափոխվելու կապակցությամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվգենի Պրիգոժինի «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը պետական պայմանագրերով ստացել է գրեթե 860 միլիարդ ռուբլի, իսկ «Կոնկորդ» ընկերությունների խումբը, որը նույնպես պատկանում է գործարարին, 845 միլիարդի ծառայություններ է մատուցել:
Հիշեցնենք, որ լույս 24-ը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ուժերը Դոնի Ռոստովում գրավել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի էր ունեցել Եվգենի Պրիգոժինի այն հայտարարության ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռառումբային հարվածներ է հասցրել «Վագներ»-ի ճամբարներին, ինչը հերքել էր և՛ ՊՆ–ն, և՛ ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու հոդվածով քրեական գործ էր հարուցվել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողությունները որակել էր «հանցավոր արկածախնդրություն», «հարված թիկունքից» և «դավաճանություն»։
Ավելի ուշ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցել է Պրիգոժինի հետ, և նա ընդունել է Ռուսաստանի տարածքում «Վագների» շարժը դադարեցնելու առաջարկը: Դրանից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ «Վագներ»-ի ղեկավարը կմեկնի Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի։
Հունիսի 28-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի ԱԴԾ-ում կարճվել է զինված ապստամբության գործը։