Microsoft-ն իր բոլոր աշխատակիցներին 1500-ական դոլար պարգևավճար կտա՝ «այս յուրահատուկ ու դժվարին տարում» կատարած աշխատանքի համար
Ամերիկյան Microsoft կորպորացիան պատրաստվում է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող իր բոլոր աշխատակիցներին 1500-ական դոլար պարգևավճար վճարել, հայտնում է businessinsider.com-ը:
Այս միանվագ վճարը տրվելու է «այս յուրահատուկ ու դժվարին տարում» աշխատակիցների կատարած աշխատանքի համար:
Գումարը կտրվի բոլոր աշխատակիցներին, բացի բարձրագույն ղեկավարությունից, որոնք աշխատել են ընկերությունում 2021 թվականի մարտի 31-ի դրությամբ, ներառյալ՝ կես դրույքով կամ ժամավճարով աշխատողները:
Նշվում է, որ կորպորացիան ամբողջ աշխարհում ունի 175 508 աշխատող: Այսպիսով՝ պարգևավճարների համար կհատկացվի շուրջ 200 միլիոն դոլար, ինչը մոտավորապես համապատասխանում է կորպորացիայի 2 օրվա եկամուտներին:
Կորոնավիրուսի համավարակի ընթացքում կատարած աշխատանքի դիմաց վճարումների մասին ավելի վաղ հայտնել էին այլ խոշոր ընկերություններ ևս. Facebook-ը 1000-ական դոլար էր վճարել 45 000 աշխատակցի, իսկ Amazon-ը հավելյալ 300 դոլար էր վճարել առանցքային ոլորտներում աշխատողներին: