Acer-ը ներկայացրել է աշխարհում 1-ին 17-դյույմանոց նոութբուքը
Acer ընկերությունը ներկայացրել է Chromebook 317-ը՝ աշխարհում առաջին 17-դյույմանոց նոութբուքը, որն աշխատում է Chrome OS օպերացիոն համակարգով:
Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական կայքում և նշվում՝ նորույթի առաջարկվող գինը մոտ 490 դոլար է:
«Սա կատարյալ չափ է տնային պայմաններում աշխատող և սովորող օգտատերերի համար»,- մանրամասնել են ընկերությունից:
Տեխնոլոգիական նորույթն ունի 17,3 դյույմանոց դիսփլեյ, որը հագեցած է Full HD լուծաչափով (1920x1080 պիքսել) և հակա-ռեֆլեկտիվ ծածկույթով: Հավելավճար տալու դեպքում ընկերությունն առաջարկում է նաև սենսորային էկրանով տարբերակ: Միևնույն ժամանակ, Chromebook-ը հագեցած է Intel Celeron պրոցեսորներով և Intel ինտեգրված գրաֆիկայով: Այն կարող է ունենալ մինչև 8 ԳԲ օպերատիվ հիշողություն և eMMC կրիչ՝ մինչև 128 գբ հիշողության ծավալով:
Նշվում է՝ համակարգչի մարտկոցը, որի հզորության չափը դեռևս չի բացահայտվում, առանց լիցքավորման կարող է ապահովել մինչև 10-ժամյա աշխատանք:
Ընկերության փոխանցմամբ՝ նորույթը վաճառքի կհանվի հունիսին: