Չեմ կարող ասել՝ դատարանը որևէ հղում կատարե՞լ է ՍԴ դիմելու հետ կապված մեր առարկություններին. դատախազ Պետրոս Պետրոսյան (տեսանյութ)
Դատարանն այս դատական նիստի ընթացքում անդրադարձավ ընդամենը դատական ակտի ներածական և եզրափակիչ մասին, նույնիսկ չանդրադարձավ եզրափակիչ այն մասին, թե քրեական դատավարության որ նորմերին հղում կատարելով քրեական հետապնդումը դադարեցրեց։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ նշելով, թե դատական ակտին կարող են անդրադառնալ բացառապես այն ստանալուց և պատճառաբանություններին ծանոթանալուց հետո։
Հիշեցնենք՝ դատարանը հանցադեպի բացակայության հիմքով դադարեցրեց քրեական հետապնդումը «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվեց:
«Դատարանն անդրադարձել է ընդամենը ներածական և եզրափակիչ մասին, այս պահին նույնիսկ չեմ կարող ասել՝ դատարանը որևէ հղում կատարե՞լ է մեր առարկություններին՝ ՍԴ դիմելու վերաբերյալ։ Նախորդ դատական նիստին դատարանը հայտարարեց, որ մեր միջնորդությունը չի քննարկում քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության հետ»,- ասաց նա՝ ընդգծելով այն հանգամանքը, որ դատարանը Դատախազությանը հնարավորություն ընձեռել է միջնորդությունը ներկայացնել։
Պետրոսյանը նշեց՝ ՍԴ կողմից 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումը չի կարող գնահատել․ «Մենք 300.1 հոդվածի վերաբերյալ մեր դիրքորոշումը բազմիցս կրկնել ենք, պնդել ենք այդ նորմի որոշակիության, համաչափության վերաբերյալ։ Սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ մեղադրանքների մասով մենք մեր դիրքորոշումներն արտահայտել ենք, որ ՍԴ կողմից կայացված որոշումից հետո որոշակի խնդիրներ են առաջացել թե՛ Դատախազության՝ իր լիազորություններն իրականացնելու, թե՛ դատարանի կողմից՝ հետագայում նաև տուժողների իրավունքներն ապահովելու տեսանկյունից»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։