ԱՄՆ-ն Սիրիայում իր ռազմաբազայից ԻՊ-ի 10 ահաբեկչի է տեղափոխել Դեր Զոր. «ՍԱՆԱ»
Ամերիկյան ուժերն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններից 10-ին սիրիական Հասակա նահանգում տեղակայված իրենց ռազմաբազայից տեղափոխել են Դեր Զոր նահանգ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով սիրիական «ՍԱՆԱ» պետական լրատվամիջոցին:
Աղբյուրի տեղեկություններով՝ ԻՊ-ի 10 ահաբեկիչներ տեղափոխվել են ամերիկյան ուժերին պատկանող երկու ուղղաթիռով: Նրանց ռազմաբազայից տեղափոխել են Դեր Զորի անապատ:
Հունվարի կեսերին ամերիկացի զինծառայողները մի խումբ ձերբակալված ահաբեկիչների տեղափոխել էին Սիրիայի, Իրաքի և Հորդանանի սահմանին գտնվող միջազգային կոալիցիայի բազաներից մեկը:
Սիրիական աղբյուրը նշում է, որ ԱՄՆ-ն Սիրիայում իր բազաներն օգտագործում է նաև զորամիավորումների համար գրոհայիններ պատրաստելու նպատակով, որոնք պայքարում են երկրի կառավարական ուժերի դեմ: Ենթադրվում է, որ ամերիկացիները մտադիր են ահաբեկիչներին նույնպես օգտագործել այդ նպատակով: