Իսպանացի բժիշկները քննադատել են Մադրիդի իշխանությունների՝ բնակչությանը դիմակներ բաժանելու որոշումը
Մադրիդի իշխանությունները երկուշաբթի օրվանից սկսած ինքնավար համայնքի բնակչությանը FFP2 պաշտպանության աստիճանով KN95 դիմակներ բաժանելու որոշում են կայացրել, որը, սակայն, բժիշկների կարծիքով խելամիտ չէ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Աղբյուրը մանրամասնում է, որ այսօրվանից սկսած և հաջորդող 15 օրերի ընթացքում Մադրիդի բնակիչները դեղատներից կարող են 2 հատ KN95 դիմակ ստանալ՝ ներկայացնելով միայն իրենց բժշկական քարտը։ Նշվում է, որ մասնավոր բժշկական ապահովագրություն ունեցող ևս 600 000 քաղաքացի էլ, իր հերթին, կարող է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել դիմակ ստանալու համար։
Կայքի փոխանցմամբ՝ Մադրիդի իշխանություններն ընդհանուր առմամբ 32 միլիոն եվրոյի 14 միլիոն KN95 դիմակ են ձեռք բերել։
«Բաշխման ենթակա դիմակները համապատասխանում են Եվրամիության նորմերին: Դրանք կարելի է 48 ժամ շարունակ օգտագործել, այսինքն՝ մի քանի օրվա ընթացքում մի քանի անգամ»,- ասվում է Մադրիդ ինքնավար համայնքի իշխանությունների հրապարակած հաղորդագրության մեջ։
Ներկայում Իսպանիայում դիմակներ կրելը պարտադիր է միայն հասարակական տրանսպորտում, սակայն մայրաքաղաքային իշխանությունները հասարակական այլ վայրերում նույնպես դրանց օգտագործումը ցանկանում են պարտադիր դարձնել։
Մադրիդի ղեկավարության համաձայն՝ բնակչությանն անվճար դիմակներ բաժանելու որոշումը կայացվել է բուժանձնակազմին պաշտպանիչ միջոցներով ապահովելուց հետո միայն, ուստի դա որևէ կերպ չի կարող ազդել հիվանդանոցների անձնակազմի՝ վարակից պաշտպանվածության աստիճանի վրա։
Սակայն մադրիդյան մի շարք հիվանդանոցների, հիվանդությունների կանխարգելման բժշկական կենտրոնների բժիշկներ, իրենց հերթին, նամակ են գրել համայնքի առողջապահության վարչությանը՝ հիշեցնելով, որ ո՛չ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը և, ո՛չ էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ չեն տալիս բարձր պաշտպանության (FFP2, FFP3) դիմակները զանգվածային օգտագործել։
Մասնագետներն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ արդյունավետության համար դիմակը պետք է ճիշտ կրել, միևնույն ժամանակ դիմակները դժվարացնում են շնչառությունը, «կեղծ ապահովության զգացում» հաղորդում, արդյունքում դրա օգտագործումը կհանգեցնի նրան, որ մարդիկ կսկսեն հաճախ հանել դիմակն ու դեմքին դիպչել։
Բացի այդ բժիշկները հայտարարել են, որ չի կարելի բնակչությանը դիմակներ բաժանել այն պարագայում, երբ բուժանձնակազմին դրանցով անխոչընդոտ ապահովելու երաշխիք չկա։ Բժիշկները նաև մտավախություն են հայտնել, որ շուտով բնակիչները պաշտպանական միջոցներով շատ ավելի լավ զինված կլինեն, քան իրենք։
Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն՝ Իսպանիայում կորոնավիրուսով վարակված ավելի քան 48 000 բուժաշխատողից 11 600-ը Մադրիդից է։