Եթե կորոնավիրուսի դեպքեր ունենանք, այսօր լիարժեք պատրաստ ենք դրան. ԱՆ ներկայացուցիչ
Եթե կորոնավիրուսի դեպքեր ունենանք, այսօր լիարժեք պատրաստ ենք դրանք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
Նրա խոսքով՝ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ժամի 15:00-ի դրությամբ 78,811 լաբորատոր հաստատված դեպք, որից Չինաստանում՝ 77,042:
«Չինաստանի առողջապահական պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն էլ՝ ժամը 15:00-ի դրությամբ կա 77,262 դեպք, նախորդ օրվա համեմատ՝ դեպքերն աճել են 416-ով՝ 0,5 տոկոս: Կասկածելի դեպքերի թիվը 3434 է: Հաստատված դեպքերից առողջացածների թիվը 24,898 է՝ 32,3 տոկոս: Աշխարհում գրանցվել է 2596 մահ՝ 3,3 տոկոս, որը նախորդ օրվանից աճել է 151 դեպքով: Աշխարհում գրանցված է 79,436 հաստատված դեպք, դեպքերի աճը մեկ օրում 617 է կամ 0,8 տոկոս: Չինաստանից դուրս աշխարհի 30 երկրում գրանցվել է 2174 դեպք»,- ներկայացրեց Վանյանը:
Նա ուշադրություն հրավիրեց Չինաստանում դեպքերի տոկոսային փոփոխությանը՝ եթե հունվարի և փետրվարի սկզբին կար օրական մոտ 25.6, 21,6, 19,6 տոկոսով աճ, ապա այսօր արձանագրվում է 0,5, 0,4 տոկոսով աճ: «Այսինքն՝ կա հստակ կայունացում, ինչը դրական է, որը չենք կարող ասել մյուս երկրների վերաբերյալ: Մի քանի երկրում, օրինակ՝ Իտալիայում, Ճապոնիայում, Իրանում, միանգամից եղավ աճ»,- նշեց նա:
Վանյանը հայտնեց նաև, որ վարակվածների մեջ ավելի մեծ թիվ են կազմում տղամարդիկ, դեպքերի մեծամասնությունում վարակվում են մեծահասակները՝ 50-70, 70-80 տարեկանից բարձր անձինք: Հոսպիտալացվում են հիմնականում երեխաները, բայց նրանց մոտ մահվան դեպքեր չեն արձանագրվել:
Արտավազդ Վանյանը նշեց, որ նախարարությունն առաջին օրվանից անմիջական կապի մեջ է եղել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ, ինչը հնարավորություն է տալիս իրավիճակը լիարժեք գնահատել:
Անդրադառնալով ՀՀ բժշկական կազմակերպություններին՝ Վանյանն ասաց, թե առաջին իսկ օրվանից մշակվել է ԱՀԿ-ի կողմից տրված համապատասխան մեթոդական ուղեցույց, թարգմանվել, տեղայնացվել և տրվել բոլոր բժշկական կազմակերպություններին:
«Նմանատիպ ուղեցույցները լրամշակվում են: Մեր կողմից գնահատվեցին բժշկական կազմակերպությունների կարողությունները, և համապատասխան բացերը լրացնելու համար նախարարությունից ցուցում կա: Խոսքն այն մասին է, թե ինչքանով է բուժհաստատությունը համալրված, եթե բռնկում լինի, մեծաթիվ հիվանդներ լինեն, ինչ գործողություններ պետք է արվեն՝ սկսած մեկուսարանից, համազգեստից, դիմակներից: Եթե տեսնում ենք, որ բավարար չէ, լրացնում ենք: Այնպիսի վիճակ չէ, որ մենք խնդիր ունենք: Եթե դեպքեր ունենանք, այսօր լիարժեք պատրաստ ենք: Մենք նայում ենք վաղվան, որ ամենավտանգավոր դեպքերի ժամանակ լիարժեք պատրաստ լինենք հիվանդներին ընդունել»,- ասաց նա՝ հայտնելով նաև, թե ուսումնասիրում են, որ եթե մարզերում լինեն դեպքեր, որ հիվանդանոցը պետք է առանձնացնել:
Անդրադառնալով դեղատներում բժշկական դիմակների սպառմանը՝ Արտավազդ Վանյանը նշեց, թե նույն իրավիճակը տիրում է մի շարք երկրներում: «Խնդիրը համապատասխան ստորաբաժանումների կողմից քննարկվում է: Նախարարությունն այսօր որոշակի քանակի դիմակներ ունի, եթե չեմ սխալվում՝ ձեռք է բերվել ևս 160,000 հատ: Աշխատանքներ են տարվում՝ լրացուցիչ դիմակներ ձեռք բերելու համար»,-ասաց նա։
Արտավազդ Վանյանը կարևորեց նաև միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը՝ նշելով, թե արձագանքելու և յուրաքանչյուր գործառույթ արագ իրականացնելու համար պետք էր շահագրգիռ գերատեսչությունների հետ համախմբված գործընթաց իրականացնել: